Իսրայելը կեղծ է համարել ՀԱՄԱՍ-ի հետ հաշտության լուրերը

Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումները, չսպասելով մարդասիրական 5-ժամյա հաշտության ավարտին, կրկին կրակ են բացել Գազայի հատվածի ուղղությամբ։

Իսրայելի քաղաքներից մեկը պաղեստինյան հրթիռակոծումից հետո

Իսրայելի քաղաքներից մեկը պաղեստինյան հրթիռակոծումից հետո

Իսրայելցիների վարկածով՝ իրենց քայլի պատճառը հետևյալն է. հուլիսի 17-ին պաղեստինցիների կողմից բացված կրակից վիրավորվել է իսրայելցի մի զինծառայող, որն այդ ժամանակ փորձում էր պարզել՝ արդյոք թունելով Իսրայել են փորձում մուտք գործել պաղեստինցի զինյալները։ Իսրայելի արտգործնախարարը միևնույն ժամանակ հայտարարել է, որ իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե կողմերը հաշտվել են, և կրակը դադարեցված է։ «Հրադադարի համաձայնագիր չի կնքվել, մենք դեռ շատ հեռու ենք դրանից»,-շեշտել է Ավիգդոր Լիբերմանը։

Նշենք, որ 5-ժամյա հաշտությունը, որը սահմանվել էր ՄԱԿ-ի նախաձեռնությամբ, պետք է հնարավորություն տար Գազայի հատվածի բնակիչներին պարեն կուտակել։ Միևնույն ժամանակ Իսրայելի կողմից հրթիռակոծումների պատճառով Գազայի լողափում սպանվել են 4 պաղեստինցի երեխաներ։ Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է, որ հետաքննում են միջադեպը, բայց ըստ էության չի հերքել դեպքը։

Նկատենք, որ պաղեստինյան կողմի տվյալներով՝ վերջին օրերին Իսրայելի հարձակումների պատճառով Գազայի հատվածում արձանագրվել է 227 զոհ, 1685 վիրավոր։

Հավելենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը հուլիսի 8-ին հայտարարել էր պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Պատճառը, ըստ իսրայելական կողմի, Գազայի հատվածից իրենց ուղղված հրթիռային չդադարեցվող հարվածներն են։

Ըստ փորձագետների՝ Իսրայելի ակտիվությունը կապված է 3 իսրայելցի պատանիների սպանության հետ։ Հունիսի 12-ին նրանց առևանգել էին, Իսրայելը նույն օրն առևանգման պատասխանատու էր հայտարարել ՀԱՄԱՍ-ին։ Ավելին, հունիսի 26-ին Իսրայելի անվտանգության համընդհանուր ծառայությունը հրապարակել էր ՀԱՄԱՍ-ի 2 ակտիվիստների լուսանկարները և տվյալները, որոնք, ըստ իսրայելական կողմի, մեղավոր են առևանգման հարցում։

Օրեր անց պատանիների դիերը հայտնաբերել էին Հորդանան գետի արևմտյան ափին՝ Հևրոն քաղաքից դեպի հյուսիս ընկած հատվածում։ ՀԱՄԱՍ-ը հերքել է, թե իր անդամները որևէ առնչություն ունեն պատանիների սպանության հարցում։

Այնուհանդերձ, Իսրայելի ուժայիններն այդ օրվանից ի վեր մի շարք գործողություններ էին իրականացրել, որոնք արդյունքում ձերբակալվել է 400 արաբ, որոնց շարքում են ՀԱՄԱՍ-ի անդամներ, պաղեստինցի քաղաքական գործիչներ։

Բացի այդ, ձերբակալվել էին 57 պաղեստինցիներ, որոնց 2011-ին ազատ էին արձակել իսրայելցի առևանգված զինծառայող Հիլադ Շալիթի ազատման դիմաց։ Իսրայելի զինծառայողներն այս ընթացքում խուզարկել էին մոտ 3 հազար շինություններ, այդ թվում՝ հեռուստաընկերությունների ու թերթերի գրասենյակներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *