Հրամանատարներն իրենց մեղավոր չեն ճանաչել քաղաքացիականի մահվան համար. օրվա ամփոփում

Զորամասում հանկարծամահ եղած զինծառայողը մանկուց սրտի խնդիրներ է ունեցել, դեռ հայտնի չէ՝ բժշկական հանձնաժողովը նրան զորակոչելիս այս հանգամանքը հաշվի է առել, թե՞՝ անտեսել: Հրամանատարներն իրենց մեղավոր չեն ճանաչել քաղաքացիական անձի մահման առնչությամբ: Ռազմական փորձագետները բարձր են գնահատել Արցախի զորահանդեսը և ցուցադրված տեխնիկան, իսկ Ադրբեջանն այն որակել է «սադրանք»:

  • Իջևանի գնդի գումարտակի նախկին հրամանատար Հրանտ Դալլաքյանը և գնդի նախկին հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանն իրենց մեղավոր չեն համարել միջադեպի առնչությամբ, որը գրանցվել էր նույն զորամասում: Զինվորին տեսակցության գնացած քաղաքացիական անձիք տարվել էին հրամանատարի աշխատասենյակ, ապա ցատկել երկրորդ հարկի պատուհանից. մեկը կոտրել էր ոտքը, մյուսը՝ 10 օր գիտակցության չգալուց հետո՝ մահացել:
  • Մայիսի 8-ին Ստեփանակերտի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանի մահվան առնչությամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում քրեական գործ հարուցելու համար: Նա «դեռ փոքր տարիքից սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել, իսկ զորակոչելուց առաջ բժշկական հանձնաժողովը դա պետք է որ նկատած լիներ»:
  • Ադրբեջանական կողմին զայրացրել է երեկ Ստեփանակերտում անցկացված զորահանդեսը: Այս կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Էլման Աբդուլաևը զորահանդեսը որակել է որպես «հայկական կողմի սադրանք»:
  • Հայ ռազմական փորձագետները շատ բարձր են գնահատում Լեռնային Ղարաբաղում անցկացված զորահանդեսը: «Արցախի ՊԲ-ն իր զորատեսակներով հնարավորություն ունի հարվածներ հասցնել Ադրբեջանի տարածքի ցանկացած կետի: Եթե ուշադրություն դարձրեցիք, Արցախում ներկայացվող անօդաչու թռչող սարքերը տարբերվում էին Հայաստանի զորահանդեսում ցուցադրվածներից: Դրանցից երկուսը Հայաստանում ցուցադրվածների մոդեռնիզացված տարբերակներն էին, իսկ մնացածները լրիվ նոր էին»,- անդրադառնալով Արցախի զորահանդեսին՝ ասել է ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:
  • «Խաղաղության երաշխիքը բանակն է ու մենք պարտավոր ենք ունենալ մարտունակ բանակ, այլ տարբերակ չկա: Արցախի բանակը նորմալ սպառազինություն ունի, կարգապահության բարձր մակարդակ: Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, բայց պարտավոր ենք մարտունակ ու օրինակելի բանակ ունենալ»,- ասել է Աֆղանստանի վետերանների միության նախագահ, Արցախի պատերազմի մասնակից Արմեն Մխիթարյանը:
  • «Այն ամենը, ինչ մենք նվաճել ենք պատերազմում, բոլոր այն սխրանքները, որոնք գործել են մեր ազատամարտիկները, փոխանցվել են երիտասարդ մարտիկներին, և նրանք յուրաքանչյուր օր քննություն են հանձնում` անձեռնմխելի պահելով Արցախի սահմանները», ” Ստեփանակերտում մայիսի 9-ի տոնական միջոցառումների ընթացքում ասել է Սեյրան Օհանյանը:
  • Երկրաշարժի ժամանակ զինվորները, այդ թվում օրապահները, դուրս են եկել զորամասի շարահրապարակ, որն առաջացրել է հրամանատարի զայրութը և որպես պատիժ ստիպված են եղել վազել: Գրում է «Առավոտը»:
  • Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար և Մովսես գյուղերում մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը համեմատաբար խաղաղ է եղել, հրդադադարը էականորեն չի խախտվել:
  • Բանակում ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների ծնողները դադարեցնում են ՀՀ կառավարության մոտ բողոքի ակցիաների անցկացումը և այսուհետ իրենց բողոքը կարտահայտեն նախագահական նստավայրի դիմաց՝ հատուկ ընտրված օրերին:
  • Վառելիք ներմուծող «Ֆլեշ» ընկերությունը ստանձնել է ՀՀ պաշտպանության նախարությանը հեղուկ վառելիքի մատակարարման պարտավորությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *