Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հուլիսի 17

Ուկրաինայի հարավ-արևելքում նոր թափով շարունակվում են բախումներն ապստամբների և ուկրաինացի ուժայինների միջև, որոնք վերջին շրջանում առավելություն են ստացել` գրավելով Սլավյանսկ և Կրամատորսկ քաղաքները, առաջանալով Լուգանսկի և Դոնեցկի ուղղությամբ, որտեղ էլ ծավալվում են հիմնական գործողությունները։

Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։

Նախագահ Պորոշենկոն հակաահաբեկչական գործողության գոտում. հունիս, 2014

Նախագահ Պորոշենկոն հակաահաբեկչական գործողության գոտում. հունիս, 2014

21։10-Ապստամբները բաց չեն թողել հարմար առիթը փոխադարձ մեղադրանքով հանդես գալու համար և հայտարարել են, թե ունեն ականատեսներ, ովքեր տեսել են, որ Մալայզիայի Բոինգ 777 օդանավը խոցել է ուկրաինական օդուժի Սու-25 գրոհիչը։

20։20Ապստամբները հայտարարել են Դոնեցկում խոցված Ան-26 ինքնաթիռի մասին։ Ուկրաինական կողմը, սակայն, այս տեղեկությունը հերքել է։ Չի բացառվում, որ սույն տեղեկությունն ապստամբները տարածել են՝ նպատակ ունենալով կանխավ արդարանալ մալայզիական խոցված օդանավի համար՝ փորձելով ներկայացնել, թե շփոթել են այն Ուկրաինայի ռազմաօդային ուժերի բեռնատար ինքնաթիռի հետ։

19:30-Ուկրաինայի օդային տարածքում՝ Դոնեցկում, ընկել է Մալայզիայի ուղևորատար օդանավը, որում եղել է 280 ուղևոր և անձնակազմի 15 անդամ։ Ըստ նախնական վարկածի, օդանավը խոցել են ապստամբները։
Ավելի մանրամասն՝ Մալայզիայի Բոինգ 777 օդանավն ընկել է Դոնեցկում. հավանական պատճառն ապստամբներն են

18:40-Ռուսաստանյան կողմն արձագանքել է Ուկրաինայի հնչեցրած այն մեղադրանքին, թե հուլիսի 16-ին խոցված Սու-25 գրոհիչն իրականում խոցել է ՌԴ ռազմաօդային ուժերի կործանիչը։ ՌԴ-ում այս վարկածը որակել են անհեթեթություն։

18։00-Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի խոսնակ Անդրեյ Լիսենկոն տեղեկացրել է, որ հուլիսի 16-ին Դոնեցկում խոցված 2 միավոր Սու-25 գրոհիչներից մեկի օդաչուն հայտնել է, որ իր ինքնաթիռը խոցվել է ռուսաստանյան օդուժի կործանիչ։ Ռուսաստանյան կողմն այս հայտարարությանը դեռևս չի արձագանքել։

17։15-Ահազանգ է ստացվել, որ ուկրաինական «5-րդ ալիք» հեռուստաալիքի Կիևյան գրասենյակում տեղադրված է ռումբ։ Աշխատակազմը տարհանվել է, սակայն պարզվել է, որ ահազանգը կեղծ է։ Ներկայումս հեռուստաալիքի հեռարձակումը վերականգնված է։

16։30-Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ֆեյսբուքյան իր էջում արել է գրառում, որով առաջարկել է հիմնել քարոզչության նախարարություն։ Նա նշել է, որ դա ժամանակակից պատերազմների կարևոր բաղկացուցիչն է ու պետք չէ ամաչել դրա համար։

15:50-Հայտնի է դարձել, որ հուլիսի 16-ին Դոնեցկի Կառլովկա բնակավայրի մոտ ապստամբները դարանի մեջ են գցել ուժայինների երկու զրահամեքենա, որոնցում եղել են հատուկ նշանակության ջոկատայիններ։ Ապստամբների հաղորդմամբ, նրանք բոլորն էլ ոչնչացվել են։ Ուշագրավ է նաև այն, որ հատուկջոկատայինների մոտից հայտնաբերվել են ռազմական քարտեզներ ու գաղտնի ցուցակ, որտեղ նշված են մի շարք հրամանատարների ազդականչեր, որոնցով վերջիններս դուրս են գալիս կապի։

15։00- Ուկրաինական կողմը հուլիսի 16-ին կորցրել է 5 զինծառայող և ունեցել է 11 վիրավոր։Այս մասին հայտնում են Անվտանգության և պաշտպանությանազգային խորհրդի տեղեկատվական կենտրոնի խոսնակ Անդրեյ Լիսենկոն։

14։50- Ուկրաինացի ուժայինները թողել են Լուգանսկի Սաբովկա, Գովորուխա, Ռոսկոշնոե և Գեորգիևկա բնակավայրերը, տեղեկացնում են ապստամբները։

11։50- Ռուսաստանի Ռոստովի շրջանում հոսպիտալացված ուկրաինացի սահմանապահներից մեկը մահացել է։ Նախօրեին «Կույբիշևո» սահմանային անցակետում ծանր վիրավորվել են երկու ուկրաինացի սահմանապահներ,որոնք օգնության համար տեղափոխել էին Ռուսաստանի տարածք։ Դեռ հայտնի չէ, թե ով է հարձակվել ուկրաինական սահմանապահների վրա։

11։30- Գիշերը Դոնեցկի մերձակայքում ուկրաինական ուժայինների շարասյունն ընկել է ապստամբների դարանը։ Մարտի ընթացքում ուկրաիանակն կողմը երկու հետևակի մարտական մեքենա է կորցրել, ինչպես նաև ունի մարդկային կորուստներ։ Այս մասին տեղեկացրել են Դոնեցկի ապստամբները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *