Պակիստանում ամերիկյան անօդաչուները վերսկսել են զինյալների դեմ գործողությունները

Ամերիկյան անօդաչու թռչող սարքն օրերս հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանի Հյուսիսային Վազիրիստան նահանգի բնակելի շինություններից մեկին։ Դրա հետևանքով սպանվել է 20 հոգի, որոնք, համաձայն ամերիկյան վարկածի, զինյալներ էին։ Վիրավորվել է առնվազն 4 մարդ։

Ինչպես հաղորդում է պակիստանյան Dawn պարբերականը, անօդաչուն գրոհել է ենթադրաբար Դաթթակհել քաղաքի շինություններից մեկի ու դրան կից ավտոմեքենայի վրա՝ դրանց ուղղությամբ արձակելով 4 հրթիռ։ Սույն տեղեկությունը պաշտոնական աղբյուրները չեն մեկնաբանել։

Նկատենք, որ ամերիկյան զինուժին պատկանող անօդաչու թռչող սարքերը վերսկսել են իրենց հրթիռային հարվածները զինյալների ենթադրյալ պատսպարանների ուղղությամբ Պակիստանի տարածքում արդեն հունիսի կեսերին ՝ շուրջ կես տարի տևած հարաբերական դադարից հետո։ Ժամանակավոր դադարի ընթացքում Պակիստանի կառավարությունը՝ վարչապետ Նավազ Շարիֆի գլխավորությամբ, պետք է որ քայլեր ձեռնարկեր «Թեքրիք-ի-Թալիբան Պակիստան» ծայրահեղական խմբավորման հետ բանակցելու համար։ Այդուհանդերձ, բանակցությունները շոշափելի արդյունքներ չեն գրանցել։

Հիշեցնենք, որ 2013-ի նոյեմբերին ամերիկյան ստորաբաժանումները չեզոքացրել էին «Թալիբանի» տեղական ճյուղի առաջնորդ Հաքիմուլլա Մեհսուդին։

Այնուհետև Նավազ Շարիֆը մեղադրանքներ էր ներկայացրել ԱՄՆ-ին բանակցային գործընթացը խաթարելու համար, քանի որ ավիահարվածներից հետո զինյալները հրաժարվել էին բանակցություններից։

Նշենք, որ «Թալիբանն» ազդեցություն ունի Պակիստանի հյուսիս-արևմուտքում՝ Աֆղանստանի հետ սահմանին, որտեղ Իսլամաբադի վերահսկողությունը նվազագույն է։ ԱՄՆ-ն պնդում է՝ հենց այս լեռնային հատվածներում էլ պատսպարվել են զինյալները, ուստի ԱԹՍ-ներից հասցված հարվածներով հնարավոր կլինի արդյունավետ կերպով չեզոքացնել նրանց։

Bureau of Investigative Journalism ՀԿ-ի փոխանցմամբ՝ 2012-ին Պակիստանում ԱԹՍ-ների հարվածներից մահացել է 396 հոգի, որոնցից 63-ն առնչություն չունեին ահաբեկչական խմբավորումների հետ:

Պակիստանի կառավարության տվյալներով՝ 2013-ի հոկտեմբերի վերջի դրությամբ, վերջին 5-6 տարիների կտրվածքով՝ երկրում ԱՄՆ-ի իրականացրած ավիահարվածների զոհ է դարձել 2227 հոգի, որոնց թվում է 67 խաղաղ բնակիչ։ Ընդ որում, զոհերի շարքում  կան նաև եվրոպական երկրների քաղաքացիներ։

Նկատենք, որ Պակիստանի մի շարք ՀԿ-ներ ու իրավապաշտպան կազմակերպություններ բողոքել են կառավարության հրապարակած այս թվերի դեմ՝ փաստելով, որ դրանք զգալիորեն նվազեցված են։ ԱՄՆ-ի կողմից ԱԹՍ-ների նման կիրառումը Պակիստանի տարածքում հանգեցրել է բողոքի ցույցերի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *