2014-ին Ռուսաստանի ռազմական ավիապարկը կհամալրվի 90 նոր ինքնաթիռով

Ռուսաստանի միացյալ ավիաշինական կորպորացիայի ղեկավար Միխայիլ Պողոսյանը ռուսաստանյան պարբերականներից մեկին տված հարցազրույցում ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև ընթացիկ տարում ՌԴ ռազմաօդային ուժերին մատակարարման ենթակա ինքնաթիռների ծավալներին։ Նա նշել է, որ 2014-ին օդուժն ընդհանուր առմամբ կհամալրվի 90 նոր ինքնաթիռով։ Միխայիլ Պողոսյանի խոսքերն է մեջբերել ռուսաստանյան «Ռիա-Նովոստի» լրատվական գործակալությունը։

Սու-34 ճակատային ռմբակոծիչ

Սու-34 ճակատային ռմբակոծիչ. ՌԴ ՌՕՈւ

Պողոսյանը հստակեցրել է, որ համալրվող ինքաթիռների թվում են 15 միավոր Սու-34 ճակատային ռմբակոծիչն ու Իլ-476 նորագույն բեռնատար ինքնաթիռը։

Կորպորացիայի ղեկավարը նշել է, որ ռուսաստանյան նորագույն ավիատեխնիկան առանձնակի չի գովազդվում, քանի որ ներկայումս այն գերազանցապես արտադրվում է ներքին կարիքները բավարարելու համար, ինչը սակայն չի նշանակում, որ արտահանման ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում։

Հարկ է նկատել, որ մատակարարվող ինքնաթիռների ցանկից Սու-34-ի առանձին հիշատակումը պատահական չէ։ Նախ պետք է նշել, որ այն շահագործման է ընդունվել այս տարի։ Բացի այդ, Ռուսաստանի ռազմական ղեկավարությունը մտադիր է հենց այս ինքնաթիռներով փոխարինել ներկայումս շահագործվող Սու-24 ճակատային ռմբակոծիչները։ Սուխոյ ընկերության հետ ՌԴ ՊՆ-ն ունի պայմանագիր, որով նախատեսվում է մինչև 2020 թվականը ստանալ այս ինքնաթիռների 92 միավոր։

Սու-34 ճակատային ռմբակոծիչը նախատեսված է հակառակորդի ցամաքային և վերջրյա թիրախների ճշգրիտ ռմբակոծման համար՝ այդ թվում նաև միջուկային ռումբերով։ 2 հոգանոց անձնակազմ ունեցող ինքնաթիռը կարող է զարգացնել մինչև 1900 կմ/ժ առավելագույն արագություն։ Թռիչքի առաստաղը 15 000 մետր է։ Ինքնաթիռը կարող է օդ բարձրացնել մինչև 12 000 կգ ընդհանուր զանգվածով ռումբեր և հրթիռային սպառազինություն։

Ինչ վերաբերում է Իլ-476 ինքնաթիռին, ապա նշենք՝ այն հանրահայտ Իլ-76-ի նորագույն մոդիֆիկացիան է, որի առաջին օրինակը ՌԴ ռազմաօդային ուժերում շահագործման է ընդունվել կրկին այս տարի։ Ինքնաթիռը կարող է զարգացնել մինչև 850 կմ/ժ առավելագույն արագություն և փոխադրել 60 տոննա բեռ։ Ներկայումս ՌԴ Պն-ն պատվիրել է այս ինքնաթիռի 39 օրինակ։ Իլ-476-ի հիման վրա առաջիկայում նախատեսվում է ստեղծել նաև լիցքավորող ինքնաթիռ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *