955 նախագծի (Բորեյ) «Վլադիմիր Մոնոմախ» ատոմային սուզանավն արդեն դուրս է եկել պետական փորձարկումների։ Ինչպես հայտնի է, սուզանավը փորձարկումներ կիրականացնի ՌԴ ԶՈւ Հյուսիսային նավատորմի ջրային տարածքների զորավարժարանում։
Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով պետական ռազմաարդյունաբերական հանձնաժողովի իր աղբյուրին։
«Վլադիմիր Մոնոմախ» ատոմային սուզանավը 10 օր փորձարկումներ կանցնի և հուլիսի 26-ին կվերադառնա «Սևմաշ» նավաշինարան։
Ավելի վաղ նշվում էր, որ Բուլավա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը 2014 թվականի աշնանից դարձյալ փորձարկումներ կիրականացնի «Վլադիմիր Մոնոմախ» ատոմային սուզանավից։ Հայտնի է, որ Սպիտակ ծովում հրթիռն արձակման փորձարկումներ է անելու, երբ սուզանավն ամբողջությամբ սուզված կլինի։
Նշենք, որ հունիսի սկզբին սուզանավը դուրս էր եկել փորձարկումների, որի ժամանակ ստուգվել է նավիգացիայի, հետախուզության, կապի, ռադիոէլեկտրոնային միջոցների աշխատանքը։
Հավելենք, որ «Վլադիմիր Մոնոմախը» 955 նախագծի թվով երրորդ սուզանավն է։ Սրա կառուցման աշխատանքները սկսվել են 2006 թվականի «Սևմաշ» նավաշինական ընկերությունում։ Նախատեսվում է, որ նավը սպառազինման է հանձնվելու 2014 թվականին։
Ռուսաստանի նավատորմին արդեն հանձնվել են այդ նախագծի երկու սուզանավ՝ «Յուրի Դոլգորուկի» և «Ալեքսանդր Նևսկի» նավերը։ Կառուցման փուլում է «Կնյազ Վլադիմիրը», իսկ 2014 թվականի հուլիսի 19-ին կմեկնարկեն հինգերորդ սուզանավի՝ «Կնյազ Օլեգի» կառուցման աշխատանքները։
Բորեյ նախագծի նավերի երկարությունը 170 մետր է, լայնությունը՝ 13.5 մետր։ Սուզված վիճակում սուզանավի արագությունը մոտավորապես 54 կմ/ժ է, անձնակազմը 107 հոգի է։
Հիշեցնենք, որ այս նավի հիմնական սպառազինությունը Բուլավա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներն են, որոնք դեռևս փորձարկումների փուլում են։
Pingback: Բուլավա հրթիռը շուտով արձակվելու է «Վլադիմիր Մոնոմախ» սուզանավից | Ռազմ.info