Սիրիայի կառավարական ուժերը նախօրեի երեկոյան կասեցրել են երկրի մայրաքաղաք Դամասկոսի արևելյան Ջոբար արվարձանը զբաղեցրած «Ջեբհաթ ան-Նուսրա» զինյալ խմբավորման հարձակումը:
Զինյալները փորձել են դուրս գալ կառավարական ուժերի շրջափակումից, գրոհի են անցել, սակայն չեն կարողացել հաջողության հասնել, իսկ մարտերի ընթացքում կորցրել են մի քանի տասնյակ զինյալներ: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական հեռուստաընկերություններին: Սպանվածների քանակը չի հստակեցվում:
Աղբյուրի հաղորդմամբ կառավարական զորքերի ՌՕՈւ ինքնաթիռները հարվածներ են հասցրել թաղամասի շենքերից մեկին, որը զինյալներն օգտագործում էին որպես իրենց բազա: Զինյալների բազաներ են ոչնչացվել նաև մայրաքաղաքից արևմուտք ընկած հատվածներում: Եվս 15 զինյալ ոչնչացվել է Դամասկոսից 12 կմ դեպի հյուսիս-արևելք ընկած Դումա քաղաքում:
Մարտեր են եղել նաև Սիրիայի ու Լիբանանի սահմանին, որտեղ զինյալները փորձել են ճեղքել կառավարական ուժերի գծերն ու ներթափանցել երկրի խորքը: Զինյալների դեմ մարտերում Սիրիայի զինված ուժերն օգտագործել են նաև օդուժն ու հեռահար հրետանին, որով ռմբակոծել են լեռնային ճանապարհները, որոնցով կարող էին տեղափոխվել զինյալները:
Ծանր իրավիճակ է նաև Սիրիայի հյուսիսում: Մասնավորապես Հալեպից արևելք ընկած հատվածում մարտեր են մղվում ոչ թե կավարական ուժերի մասնակցությամբ, այլ երկու ապստամբական կողմերի՝ քրդերի ու «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» զինյալ խմբավորման միջև: Սիրիայի հյուսիսարևելյան Ռաքքա քաղաքից իսլամիստների ուժերը հարձակման են անցել քրդերի կողմից վերհսկվող Այն ալ-Արաբ քաղաքի ուղղությամբ, որը մոտ է Թուրքիայի սահմանին: Այսպիսով, եթե իսլամիստներին հաջողվի գրավել քրդաբնակ քաղաքը, ապա քրդերի կողմից վերահկվող տարածքները կբաժանվեն երկու մասի, ընդ որում արևելյան՝ Դեր էզ-Զորի հատվածում իսլամիստներն արդեն վերահսկում են քրդաբնակ տարածքների մեծ մասը:
Սա օրհասական վիճակ է ստեղծել ապստամբ քրդերի համար, որոնք Թուրքիայի սահմանից մոտ 800 զինյալների տեղափոխել են ավելի հարավ, որպեսզի կարողանան պաշտպանել Այն ալ-Արաբ քաղաքը:
Հիշեցնենք, որ Սիրիայում ճգնաժամը սկսվել է դեռևս 2011-ի գարնանը, երբ «Արաբական գարնան» ալիքը հասավ այս երկիր: Կառավարության դեմ ուղղված ցույցերը հետագայում վերաճեցին զինված բախումների, որոնց մեջ ներգրավվեցին ոչ միայն կառավարական զորքերը, այլ մի քանի, իրարից տարբեր ու անկախ զինված ապստամբ խմբավորումներ: Խմբավորումների միմյանցից անկախ լինելը երկրում ստեղծեց մի վիճակ, երբ տարբեր խմբավորումների զինյալներ կարող էին կռիվ մղել ոչ միայն կառավարական զորքերի, այլև միմյանց միջև:
Երեք տարվա ընթացքում մարտերը մղվում են փոփոխական «հաջողություններով»: 2011-2013 թվականների ընթացքում ՄԱԿ-ի տվյալներով երկրում զինված բախումների հետևանքով մահացել էր ավելի քան 100 հազար մարդ, ևս մոտ երկու միլիոն մարդ փախստական էր դարձել: Հետագայում ՄԱԿ-ը հրաժարվեց հաշվել զոհերի քանակը՝ հիմնավորելով իր քայլը զոհերի ճշգրիտ քանակի բացահայտման անհնարինությամբ:
Ներկայում Սիրիայում քաղաքացիական պատերազմը շարունակվում է, դրան օժանդակում են նաև այլ երկրներ, որոնք զենքով ու այլ միջոցներով օգնում են ապստամբներին: Սիրիայի կառավարական ուժերը վերահսկում են երկրի կենտրոնական շրջանները, մարտեր են մղում հարավ-արևմուտքում գտնվող Դամասկոս մայրաքաղաքի շրջակայքում ու հյուսիսում գտնվող Հալեպում:
Սիրիայի ծայր հյուսիսային շրջանները վերահսկում են ապստամբ քրդերը, հարավարևելյան ու հյուսիսային մի քանի հատվածներ հսկում են տարբեր ապստամբ խմբավորումներ: Իսկ Սիրիային սպառնացող հիմնական վտանգը երկրի արևելյան ու հյուսիսարևելյան շրջանները գրաված «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» զինված խմբավորումն է, որը գրավել է նաև Իրաքի արևելյան ու հյուսիսային հատվածները և իր վերահսկողության տակ գտնվող տարածքում հռչակել է անկախ պետություն՝ «Իսլամական Խալիֆայություն» անվանումով: