Թուրքիան ՀՕՊ համակարգի մրցույթը կրկին երկարաձգում է

Թուրքիան պաշտոնապես երկարաձգել է միջին և մեծ հեռահարության հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգի մրցույթի ժամկետները։ Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարությունը պաշտոնապես տեղեկացրել է, որ շարունակելու է մրցույթի 3 մասնակիցներից նոր առաջարկների սպասել մինչ այս տարվա օգոստոս ամսվա վերջը։

Ս-300 ԶՀՀ-ի չինական կրկնօրինակ՝ HQ-9 ԶՀՀ

Ս-300 ԶՀՀ-ի չինական կրկնօրինակ՝ HQ-9 ԶՀՀ

Նշվում է, որ մրցույթի արդյունքներով ներկայում առաջին հորիզոնականում է Չինաստանը ներկայացնող CPMIEC ընկերության առաջարկը (HQ-9), որին հետևում է Eurosam ընկերությունը (Samp/T)։ Եռյակը եզրափակում է Միացյալ Նահանգների առաջարկած Patriot ՀՕՊ համակարգը։

Թուրքական կողմը նշում է, որ առաջին տեղում եղող մասնակիցն իրենց հարմար առաջարկ չներկայացնելու դեպքում կդիտարկեն երկրորդի առաջարկը, այս դեպքում էլ չբավարարվելու դեպքում կքննարկվի երրորդ տարբերակը։ Երեք մասնակիցները պետք է իրենց նոր առաջարկները ներկայացնեն մինչ օգոստոսի 31-ը։

Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարությունն ի հաղորդագրությունում նաև պարզաբանել է, որ շուրջ 1 տարի թուրքական կողմը չի կարողանում պայմանագիր կնքել մրցույթի մասնակիցներից մեկի հետ, քանի որ «ծրագիրը մեծ կարևորություն է ներկայացնում, և ժամանակ է անհրաժեշտ բոլոր հարցերի համար»։

Այսպիսով, թեև 2013 թվականի սեպտեմբերին ՀՕՊ համակարգի մրցույթում հաղթող էր ճանաչվել չինական կողմը, սակայն Թուրքիան չի շտապում պայմանագիր կնքել՝ հնարավորություն տալով մրցույթի մյուս մասնակիցներին շարունակել պայքարը։

Փորձագետների մի մասը սա կապում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ճնշումների, ինչպես նաև Թուրքիայի՝ մրցույթի մյուս մասնակիցներից ավելի հարմար առաջարկ ստանալու ակնկալիքի հետ։

Թուրքագետ Գևորգ Պետրոսյանը Ռազմինֆոյի հետ զրույցում նշել է, որ «Թուրքիան երկար ժամանակ օրակարգում է պահում այս թեման՝ փորձելով Euorsam-ից և առավել ևս ամերիկյան Raethon-ից ավելի հարմար և ձեռնտու առաջարկներ ստանալ։ Առայժմ Թուրքիայի համար չինական տարբերակն առավել հարմարն է, քանի որ և մատչելի է, և հնարավորություն է տալիս համատեղ արտադրություն հիմնել, ինչը թուրքական ռազմարդյունաբերական քաղաքականության կարևոր սկզբունքներից է։

Սակայն այստեղ մի կարևոր հանգամանք կա, ինչն Անկարային ստիպում է չշտապել չինական տարբերակի հարցում։ Խնդիրը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի խիստ կեցվածքն է. նրանք չեն ցանկանում, որպեսզի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայում լինեն չինական ՀՕՊ համակարգեր և շեշտում են, որ թույլ չեն տա դրա ինտեգրումը ՆԱՏՕ-ի միացյալ ՀՕՊ համակարգին, ինչը զգալի նվազեցնում է դրանց արդյունավետությունն ու իմաստը։ Այս ամենի համատեքստում բնական է Թուրքիայի ընտրության գործընթացի ձգձգումն ու վերջնական որոշում կայացնելու բարդությունը։ Անկարան բարդ ընտրության առջև է»։

Թուրքագետը նաև հիշեցրել է, որ ներկայում Թուրքիայում տեղակայված է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների (մասնավորապես, Գերմանիայի, ԱՄՆ-ի և Նիդերլանդների) Patriot ՀՕՊ մարտկոցները, որոնք Անկարան Հյուսիսատլանտյան Դաշինքից ժամանակավորապես ստացել էր 2013 թվականին՝ Սիրիայից հնարավոր վտանգից պաշտպանվելու համար։

«Թուրքիայի համար կարևոր խնդիր է ունենալ սեփական մեծ հեռահարության ՀՕՊ համակարգը, ինչը ներկայում այս երկիրը չունի, և ստիպված է դրա համար դիմել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին»,-նշել է Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ 2013-ի սեպտեմբերին Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ և պաշտպանության նախարարի, ԶՈւ գլխավոր շտաբի պետի ու ռազմարդյունաբերական քարտուղարության ղեկավարի մասնակցությամբ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվել էր հակաօդային և հակահրթիռային պաշտպանության T-Loramids նախագիծը, որով նախատեսվում էր Թուրքիայի համար գնել մեծ հեռահարության զենիթահրթիռային համալիրներ, որոնք այդ երկիրը ներկայում չունի։ 3-4 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրի համար պայքարում էին ամերիկյան Patriot PAC3, ռուսաստանյան Ս-300, ֆրանս-իտալական Samp T ՀՕՊ, չինական HQ-9 (արտահանման տարբերակ՝ FD-2000) համակարգերը, որոնք ռուսաստանյան Ս-300-ների հիմքի վրա են ստեղծված։

Նիստի ժամանակ որոշում էր կայացվել ընտրել չինական տարբերակը, քանի որ այն մատչելի էր և հնարավորություն էր տալիս համատեղ արտադրություն հիմնել։ Այս որոշումից խիստ դժգոհ էին մնացել ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն։ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ չինական զենիթահրթիռային համալիրները չեն կարող ինտեգրվել Դաշինքի ՀՕՊ համակարգին, ինչի արդյունքում դրանց արդյունավետությունը զգալի նվազում էր։

2 responses to “Թուրքիան ՀՕՊ համակարգի մրցույթը կրկին երկարաձգում է

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հուլիսի 13-19 | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հուլիսի 13-19 | Թուրքագիտական պորտալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *