Իրանում F-4 կործանիչ է վթարի ենթարկվել. կան զոհեր

Իրանի ռազնաօդային ուժերի F-4 Phantom կործանիչը հուլիսի 15-ին երկրի հարավային հատվածում վթարի է ենթարկվել: Անձնակազմի երկու անդամներն էլ մահացել են։

Իրանում վթարի ենթարկված F-4 կործանիչը

Իրանում վթարի ենթարկված F-4 կործանիչը

Ինչպես հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, ինքնաթիռն ընկել է Շիրազ քաղաքի մերձակայքում։ Իրանի զինվորականները հրաժարվել են միջադեպի վերաբերյալ մանրամասներ հայտնելուց։

Նշենք, որ Իրանի ՌՕՈւ կազմում, համաձայն բաց աղբյուրների տվյալների, դեռ կան մի քանի F-4 Phantom կործանիչներ։ Ինքնաթիռներն Իրանը ստացել է 1979-ի իսլամական հեղափոխությունից առաջ։

Դրանց արտադրողն ամերիկյան McDonnell Douglas ընկերությունն է, որը 1997-ին ընդգրկվել է Boeing կոնցեռնի կազմում։ F-4-ի անձնակազմը 2 հոգի է, երկարությունը՝ 19.2 մ, թևերի բացվածքը՝ 11.7 մ, բարձրությունը՝ 5 մ, առավելագույն արագությունը՝ 2370 կմ/ժ, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 12 190 մ։ Այն կիրառվում է նաև Իսրայելի, Թուրքիայի, Ճապոնիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Հարավային Կորեայի զինուժում։

Իրանի դեմ գործում են միջազգային պատժամիջոցներ իր միջուկային ծրագրի պատճառով։ Դրանք արգելում են սպառազինություն ու դրա պահեստամասեր մատակարարել Իրանին։

Այդուհանդերձ, 2014-ի հունվարին ԱՄՆ-ն, կնքված պայմանագրի համաձայն, պարտավորվել է Իրանի քաղաքացիական ինքաթիռների համար պահեստամասեր տրամադրել։

Հավելենք նաև, որ Իրանի ռազմաօդային ուժերն ունեն մոտ 300 միավոր մարտական ինքնաթիռներ։ Դրանց թվում են ռուսաստանյան կործանիչներ ՄիԳ-29-երը, գրոհիչներ Սու-25-երը, չինական F-7, ամերիկյան F-4, F-5, F-14, ֆրանսիական Mirage F-1 ու Saegeh կործանիչները։ Որոշ փորձագետների համաձայն՝ սույն ինքնաթիռների մի մասը գործածության ենթակա չէ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *