Ֆրանսիայում կսկսվի Ռուսաստանի ռազմանավի կառուցման վերջնական փուլը

Ռուսաստանի ռազմածովային ուժերի համար նախատեսված «Միստրալ» դասի երկրորդ ուղղաթիռակիր նավի՝ «Սևաստոպոլի» նավախելը բարեհաջող տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ այն շուտով կմիացվի նավի առաջամասին։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Նախատեսված է, որ Ֆրանսիայում ռազմանավը վերջնական տեսքի կբերեն երեք շաբաթվա ընթացքում, որից հետո այն կփորձարկվի մի քանի անգամ։ Միայն դրանից հետո նավը կտրամադրեն ռուսաստանցի զինծառայողներին, որոնք էլ ներկայում վարժանքներ են իրականացնում առաջին «Միստրալի»՝ «Վլադիվոստոկի» մասնակցությամբ։

Նշենք, որ ռուսաստանցի նավաստիների մոտ 400-հոգանոց խումբը Ֆրանսիա է մեկնել, որպեսզի ծանոթանա ու վարժվի ուղղաթիռակիր նավերի աշխատանքին։ Հետագայում այդ զինծառայողներից 160-170-ը կդառնան առաջին ռազմանավի անձնակազմը, ու 2014-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին հենց նրանք Ռուսաստան կհասցնեն ՌԴ զինված ուժերի առաջին ուղղաթիռակիր նավը։

Թեև տարբեր առիթներով Ֆրանսիան էլ, Ռուսաստանն էլ նշում են, որ «Միստրալների» պայմանագրի բոլոր դրույթները կատարում են ըստ ժամանակացույցի, սակայն Ռուսաստանը ուշացնում էր «Սևաստոպոլ» նավի նավախելի ուղարկումը: Բալթիկ ծովում ուժեղ քամիների պատճառաբանությամբ ռուսաստանյան կողմը նավախելի ուղարկումը հունիսի կեսերից տեղափոխել է մինչև հունիսի վերջ։

«Միստրալ» դասի «Վլադիվոստոկ» ուղղաթիռակիր նավը երթային 4-րդ փորձարկումների ժամանակ: Նկարը ouest-france.fr կայքի

«Միստրալ» դասի «Վլադիվոստոկ» ուղղաթիռակիր նավը երթային 4-րդ փորձարկումների ժամանակ: Նկարը ouest-france.fr կայքի

Ռուսաստանին տրվող ուղղաթիռկաիր նավերի վրա հավանաբար չեն լինի ֆրանսիական արտադրության բոլոր սարքավորումները: Պատճառն այն է, որ Ֆրանսիայի ու Ռուսաստանի կնքած պայմանագիրը նախատեսում է, որ Ռուսաստանին փոխանցվող «Միստրալների» վրա ֆրանսիական արտադրության կապի ու այլ հատուկ միջոցներ ու սարքավորումներ կտեղադրվեն այն դեպքում, երբ Ռուսաստանը գնի կամ սեփական տարածքում ֆրանսիացի մասնագետների օգնությամբ արտադրի օպցիոնով նախատեսված ևս երկու ուղղաթիռակիր նավ: Սակայն դա քիչ հավանական է:

Հայտնի է, սակայն, որ ռազմանավերի վրա տեղադրվելու է նաև ֆրանսիական սպառազինություն, մասնավորապես նավերի վրա տեղադրվելու են

  • երկու միավոր Breda-Mauser 30 մմ ավտոմատ թնդանոթներ (մարտական լրակազմը՝ 800 արկ, հեռահարությունը՝ 3000 մ),
  • 4 միավոր M2-HB Browning 12,7 մմ գնդացիրներ (մարտական լրակազմը՝ 600 փամփուշտ, հեռահարությունը՝ 1830 մ),
  • Simbad զենիթահրթիռային համալիրի 2 միավոր զույգված արձակման կայաններ (հեռահարությունը՝ 6000 մ):

Ֆրանսիական սպառազինությունից բացի ռազմանավերի վրա կտեղադրվի նաև ռուսաստանյան արտադրության «Պոզիտիվ-ՄԷ1» («Позитив-МЭ1») ռադիոտեղորոշման կայան (մինչև 50 օդային թիրախ հայտնաբերելու ու ուղեկցելու հնարավորությամբ), ինչպես նաև սպառազինություն: Այսպես, նավերի վրա կտեղադրվեն՝

  • երկու միավոր «Պալմա» («Пальма») զենիթային հրթիռահրետանային համալիրներ (հեռահարությունը՝ 16 000 մ),
  • մեկ միավոր Ա-220Մ 57 մմ հրետանային կայան (մարտական լրակազմը՝ 300 արկ, հեռահարությունը՝ 12 000 մ),
  • մեկ միավոր ԱԿ-630Մ վեցփողանի 30 մմ հրետանային կայան (մարտական լրակազմը՝ 5000 արկ, հեռահարությունը՝ 8000 մ),
  • երկու միավոր «Գիբկա» («Гибка») մարտական հանգույցներ «Իգլա» հրթիռներով (հեռահարությունը՝ 6000 մ):

Նման սպառազինության պարագայում Ռուսաստանին հանձնվելիք «Միստրալ» տիպի ուղղաթիռակիր նավը կկարողանա խոցել ինքնաթիռները 16 կմ հեռավորության վրա, փոքր նավերը՝ 12 կմ, մեծ նավերը՝ 8 կմ, հրթիռները՝ 6 կմ հեռավորության վրա:

Միաժամանակ ռազմանավերը տախտակամածի վրա կարող են ընդունել ուղղաթիռներ, դեսանտ իջեցնել, կիրառվել որպես զորքերի կառավարման կենտրոն, ինչպես նաև օգտագործվել որպես շարժական հոսպիտալ։ Դրանք կարող են տեղափոխել մինչև 16 ուղղաթիռ ու 40 տանկ։ Միստրալ տիպի ուղղաթիռակիր նավի գինը մոտավոր 620 մլն ամերիկյան դոլար է:

Հայտնի է նաև, որ ներկայում ռուսաստանյան կողմը լուծում է «Միստրալների»՝ ուղղաթիռներով ապահովելու խնդիրները: Արդեն հայտնի է, որ ուղղաթիռակիր նավերի համար ՌԴ զինված ուժերը գնելու է ռուսաստանյան արտադրության 32 միավոր Կա-52 ուղղաթիռներ («Միստրալներից» յուրաքանչյուրը կարող է կրել մինչև 16 ուղղաթիռ), որոնք պիտի արտադրվեն նավային արդիականացմամբ:

Հիշեցնենք, որ «Միստրալ» ուղղաթիռակիր նավերի գնման պայմանագիրը Ռուսաստանն ու Ֆրանսիան կնքել են 2011-ին։ 1,624 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագրի համաձայն՝ Ֆրանսիան երկու ուղղաթիռակիր նավ պիտի կառուցեր ու տրամադրեր Ռուսաստանին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *