Բրունեյը պաշտոնապես հաստատել է, որ ամերիկյան Lockheed Martin ընկերությունից առաջիկայում գնելու է C-130J Super Hercules բեռնատար ինքնաթիռը։ Գործարքի արդյունքում գնված ինքնաթիռների քանակը կլինի բավական սահմանափակ, ինչը պայմանավորված է բարձր գնով. շուրջ 120 միլիոն ամերիկյան դոլար 1 միավորի համար։ Այս մասին հայտնում է «The Brunei Times» պարբերականը։
Տևական ժամանակ գործարքի վերաբերյալ շրջանառվող տեղեկության հարցում հստակեցում է մտցրել ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Դաթո Փահլավան, ով տեղեկացրել է, որ ինքնաթիռները ռազմական նպատակներից բացի, օգտագործվելու են նաև մարդասիրական տարբեր առաքելություններում։
Նկատենք, որ C-130J Super Hercules ինքնաթիռները տարածշրջանում շահագործվում են նաև այնպիսի պետություններում, ինչպիսիք են Մալայզիան, Ֆիլիպինները, Սինգապուրն ու Թաիլանդը։ Բրունեյն այս երկրների ցանկին կարողացավ միանալ միայն ռազմական բյուջեի 39 տոկոսանոց աճից հետո, ինչի արդյունքում այն ընդհանուր հաշվով կազմեց 719 միլիոն ամերիկյան դոլար։ Սա երկրի համախառն ներքին արդյունքի 3.3 տոկոսն է, ինչը բավական լուրջ ցուցանիշ է։ Համեմատության համար նշենք, որ ՆԱՏՕ-ն իր անդամ երկրներին հորդորում է ռազմական կարիքների համար հատկանցել երկրի ՀՆԱ-ի առնվազն 2 տոկոսը։
Հավելենք, որ Բրունեյում ներկայումս իրականացվում է ռազմաօդային ուժերի հնարավորությունների և մարտունակության բարձրացման փուլ, որի ընթացքում նոր գնումներին զուգահեռ կատարվում է նաև առկա ինքնաթիռների արդիականացում։ Հիշատակման է արժանի նաև այն, որ Բրունեյի օդուժի ավիապարկում առկա է 12 միավոր ամերիկյան Sikorsky S-70i Black Hawk (Սև շահեն) ուղղաթիռ։
Lockheed Martin ընկերության արտադրած C-130 Hercules բեռնատար ինքնաթիռը շահագործվում է 1959 թվականից։ Հետագայում դրա հիման վրա ստեղծվեցին մի շարք մոդիֆիկացիաներ։ 2 հոգանոց անձնակազմ ունեցող ինքնաթիռը կարող է զարգացնել 700 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 9 300 մետր է։ Մեկ լիցքավորմամբ C-130 Hercules-ը կարող է անցնել 5 250 կմ հեռավորություն։ Ինքնաթիռը կարող է օդ բարձրացնել մինչև 19 տոննա բեռ։