Լիբիայում օդանավակայանի վրա հարձակումից հետո ՄԱԿ-ը դուրս է բերել իր աշխատակիցներին երկրից

ՄԱԿ-ը հուլիսի 14-ին տարհանել է Լիբիայի տարածքից իր աշխատակիցներին՝ հաշվի առնելով Լիբիայի կառավարական ուժերի ու զինյալների խմբավորումների հարաբերությունների սրացումը, ինչը կարող է անվտանգության հետ կապված լուրջ խնդիրների հանգեցնել:

Տրիպոլիի օդակայանը՝ զինյալների հարձակումից հետո

Տրիպոլիի օդակայանը՝ զինյալների հարձակումից հետո

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, ՄԱԿ-ի նման որոշման հիմնական պատճառը հուլիսի 14-ին զինյալների խմբավորումների՝ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի միջազգային օդանավակայանի ուղղությամբ կազմակերպված հարձակումն է, որին զոհ է գնացել առնվազն 7 հոգի: Իշխանական աղբյուրները վկայում են՝ զինյալները կիրառել են ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, ինչի հետևանքով ոչնչացվել է օդակայանում կայանած ինքնաթիռների 90 տոկոսը:

Այդուհանդերձ, ՄԱԿ-ի փոխանցմամբ՝ տարհանումը ժամանակավոր բնույթ է կրում:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի առաքելությունը Լիբիայում սկսել է գործունեությունը 2011-ին Մուամար Քադաֆիի վարչակազմի անկումից հետո:

Առաքելությունն ընդհանուր առմամբ ընդգրկում է 200 հոգի, որոնց առաջնային գործառույթը Լիբիայում մարդու իրավունքների պահպանման բնագավառում աշխատանքներն են, այդ թվում՝ աջակցությունն ընտրությունների անցկացման ու նոր սահմանադրության ընդունման հարցում: Ավելին, այս առաքելությունը պարտավորվում էր նաև «վերահսկողություն հաստատել սպառազինության անվերահսկելի տարածման գործընթացում ու կասեցնել այն»:
Հավելենք, որ ներկա դրությամբ Տրիպոլիում ակտիվ են զինված մի շարք խմբավորումներ, որոնք տարբեր հատվածներում լիակատար վերահսկողություն են հաստատել և սեփական օրենքներով են շարժվում: Ընդ որում, նրանց տրամադրության տակ է կառավարական ուժերից մարտական գործողությունների ժամանակ առգրավված մեծ քանակությամբ զենք-զինամթերք, այդ թվում՝ ծանր զրահատեխնիկա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *