Արտահանե՞լ, թե՞ ոչ. ուշադրության կենտրոնում կրկին Իսկանդեր համալիրն է

Իսկանդեր-Է օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրը պատրաստ է արտահանման, սակայն դրա համար անհրաժեշտ է նաև երկրի բարձրագույն ղեկավարության որոշումը։ Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ռիա-Նովոստի» գործակալությունը, այս մասին 2014-ի հուլիսի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող MILEX-2014 միջազգային ռազմական ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է ռուսաստանյան պատվիրակության ղեկավար Վալերի Վարլամովը։

Իսկանդեր ՕՄՀՀ-ի ինֆոգրաֆիկա

Իսկանդեր ՕՄՀՀ-ի ինֆոգրաֆիկա

Նա նշել է, որ ինչպես Իսկանդեր-Է համալիրն, այնպես էլ հակաօդային պաշտպանության Ս-400 զենիթահրթիռային համակարգերը կարող են արտահանվել ցանկացած երկիր, եթե դրան հավանություն տան երկրի նախագահն ու կառավարությունը։

Հարկ է նկատել, որ դեռևս մի քանի տարի առաջ Ռուսաստանի ռազմական ղեկավարությունը հայտարարել էր, որ մինչև 2015 թվականը Իսկանդեր համալիրը արտադրվելու է բացառապես ՌԴ զինուժի կարիքները բավարարելու համար։ Իսկ զինված ուժերի գլխավոր շտաբը նախատեսում է իր բոլոր բրիգադների համալրումը Իսկանդեր համալիրով ավարտել միայն 2018-ին։

Պետական պատվերի առկա ծավալների պայմաններում, հնարավոր չէր նույնիսկ մտածել արտահանման մասին, սակայն պատկերը փոխվեց, երբ համալիրն արտադրող ձեռնարկությունը մեծացրեց արտադրական ծավալները 4-ից 5 անգամ։ Այս մասին դեռևս 2014-ի փետրվարին հայտնել էր Կոլոմենսկի կոնստրուկտորական բյուրոյի գլխավոր տնօրեն-կոնստրուկտոր Վալերի Կաշինը։ Վարլամովի հայտարարությունը գլաիս է հաստատելու Իսկանդեր համալիրներն արտադրող ձեռնարկության տնօրենի խոսքերը, սակայն գլխավոր հարցը դեռևս մնում է անպատասխան. երբ կլինի Իսկանդերն արտահանելու քաղաքական որոշում։

Նշենք, որ այս հարցում շահագրգիռ կողմ է նաև Հայաստանը, քանի որ համաձայն շրջանառվող տեղեկությունների և բազմիցս արված պաշտոնական անուղղակի հայտարարությունների, իր սպառազինությունում այս զինատեսակն ուզում է ունենալ նաև հայկական զինուժը։ Խոցման գերճշգրիտ և հեռահար միջոցների առաջիկա համալրման մասին 2014-ի հունվարին հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, իսկ ավելի վաղ՝ 2013-ի դեկտեմբերին, նման հավակնության մասին էր նշել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Իսկանդեր օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, ինչպես նաև ամրաշինական կառույցների ու տնտեսական ենթակառուցվածքի ոչնչացման համար։ Նախագծված է համալիրի երեք մոդիֆիկացիա. Իսանդեր-Մ, Իսկանդեր-Կ և Իսկանդեր-Է։ Վերջինս նախատեսված է արտահանման համար, այդ իսկ պատճառով համալիրի մարտավարատեխնիկական տվյալները սահմանափակված են։ Իսկանդեր-Է-ն օժտված է 280 կմ հեռահարությամբ, ինչը չի գերազանցում հրթիռային տեխնոլոգիաների վերահսկման ռեժիմով սահմանված 300 կմ սահմանաչափը։

Համեմատության համար նշենք, որ համալիրի՝ ՌԴ զինված ուժերում շահագործվող «Մ» մոդիֆիկացիայի արձակման կայանն օժտված է միաժամանակ երկու հրթիռով և ունի 500 կմ հեռահարություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *