Հինգերորդ սերնդի ամերիկյան F-35 կործանիչը չի մասնակցի Մեծ Բրիտանիայի Ֆեյրֆորդ ավիաբազայում անցկացվող ավիացուցահանդեսին։ Պատճառը 2014-ի հունիսի 23-ին գրանցված միջադեպն է, երբ ուսումնական թռիչքներից մեկի ժամանակ բռնկվեց F-35A կործանիչի շարժիչը։ Պատահարի հետևանքով ԱՄՆ բանակի հրամանատարությունն արգելել է առկա բոլոր կործանիչների թռիչքները՝ մինչև վթարի ստույգ պատճառը պարզելը։
Բրիտանական BBC ալիքի հաղորդմամբ, թեպետ կար նախնական որոշում, որ չնայած թռիչքների արգելքին, կործանիչի մասնակցությունն ավիացուցահանդեսին հարցականի տակ չի դրվի, սակայն զինվորականներն ի վերջո հակվել են կարծիքին, որ վտանգը չափազանց մեծ է ու F-35-ը պատրաստ չէ միջմայրցամաքային թռիչքին՝ ԱՄՆ-ից Մեծ Բրիտանիա հասնելու համար։
Ավելի վաղ՝ խոսելով ավիացուցահանդեսին F-35-ի մասնակցության մասին, Պենտագոնի՝ հինգերորդ սերնդի կործանիչի ստեղծման նախագծի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Քրիսթըֆեր Բոգդանը նշել էր, որ արվում է հնարավոր ամեն ինչ՝ ինքնաթիռին ավիացուցահանդեսի ժամանակ թռիչքով հանդես գալու հնարավորություն տալու համար, սակայն նախքան այդ, մասնագետները պետք է վստահ լինեն, որ հայտնաբերվել ու չեզոքացվել է այն թերությունը, որը դարձել էր շարժիչի բռնկման պատճառ։
Հարկ է նշել, որ կործանիչի ցուցադրական թռիչքի կայացման հարցում շահագրգիռ կողմ էր նաև Մեծ Բրիտանիան, քանի որ ցուցահանդեսին նախատեսված էր ընդհանուր առմամբ 4 միավոր F-35B կործանիչի ելույթ, որոնցից մեկը պետք է լիներ թագավորական օդուժի ավիապարկից և այս համատեքստում ուշագրավ է նաև այն, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդը չեղարկեց իր ելույթը՝ ավիացուցահանդեսի բացման կապակցությամբ։ Լրատվամիջոցները կապում են դա F-35-ի անհաջողության հետ։
Հավելենք, որ ծագած վթարի պատճառով ներկայումս ԱՄՆ բանակի հրամանատարությունը արգելել է թռիչքներն ու դրան զուգահեռ ժամանակավորապես դադարեցրել կործանիչների հերթական խմբաքանակի գնումը, մինչև հատուկ ստեղծված հանձնաժողովը կպարզի F-135 շարժիչի վրա ծագած հրդեհի պատճառը։
Lockheed Martin ընկերությունը նախագծել է հինգերորդ սերնդի F-35 կործանիչի երեք մոդիֆիկացիա. F-35A, F-35B և F-35C` հարմարեցված համապատասխանաբար ԱՄՆ ռազմաօդային ուժերի, ծովային հետևակի և նավատորմի կարիքներին։ ԱՄՆ ռազմաօդային ուժերն արդեն իսկ համալրվել են շուրջ 100 միավոր F-35A կործանիչով, իսկ մի շարք երկրներ էլ ներկայացրել են կործանիչի նախնական պատվեր։