Ամերիկյան նոր արագընթաց կոնվերտոպլան է նախագծվել

Ամերիկյան Bell Helicopter ընկերությունն ԱՄՆ զինված ուժերին է ներկայացրել V-280 Valor նոր կոնվերտոպլանի նախագիծը, որը պիտի մասնակցի զինված ուժերի հայտարարած JMR-TD մրցույթին:

Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչած ընկերությունն ամերիկյան զինված ուժերին նոր արագընթաց կոնվերտոպլաններ մատակարարելու հնարավորություն կստանա, հայտնում է «Ջեյնս» ռազմական վերլուծական հանդեսը:

V-280 Valor-ի նախագծման ժամանակ ընկերությունը փորձել է դրա հիմնական առավելությունը դարձնել ցածր գինը՝ համեմատած մյուս ընկերությունների ներկայացնելիք սարքերի հետ: Մասնավորապես դրա համար է նախագծողը կոնվերտոպլանի վրա տեղադրել արդեն սերիական արտադրության մեջ առկա շարժիչներ: Սակայն հավանական է, որ մրցույթում հաղթելուց հետո կոնվերտոպլանները ստանան արդեն նոր շարժիչներ:

Ամերիկյան Bell ընկերության V-280 կոնվերտոպլան

Ամերիկյան Bell ընկերության V-280 կոնվերտոպլան

Բացի այդ, նախագծողները կոնվերտոպլանի ստեղծման համար օգտագործել են կոմպոզիտային ավելի ամուր նյութեր, ինչը պետք է որ ավելի թեթև ու հուսալի դարձնի թռչող սարքը:

Նոր կոնվերտոպլանը կարողանում է զարգացնել մինչև 518,6 կմ/ժ (144 մ/վ) արագություն: Այն կկարողանա մարտական առաջադրանքներ կատարել ու հետ վերադառնալ մինչև 1500 կմ հեռավորությունների վրա: Մեքենայի կառուցվածքը կլինի այնպիսին, որ շասսին հնարավոր լինի հավաքել: Թռչող սարքը կունենա մինչև 1.8 մետր լայնությամբ դռներ, որպեսզի հնարավոր լինի մեծ չափերի բեռներ տեղափոխել:

Նոր կոնվերտոպլանի առանձահատկություններից կլինի նաև այն, որ ռեժիմները ուղղաթիռայինից ինքնաթիռային և հակառակ փոխելիս կփոխվեն ոչ թե շարժիչների դիրքերն ամբողջությամբ, այլ միայն պտուտակների դիրքերը, շարժիչները կմնան անշարժ:

Նշենք, որ ԱՄՆ զինված ուժերի JMR-TD մրցույթին մասնակցում է ոչ միայն Bell Helicopter, այլև AVX Aircraft, Karem Aircraft ու Sikorsky (Boeing-ի ստորաբաժանում) ընկերությունները: Նախատեսված է, որ 2014-ի հուլիսի վերջին Պենտագոնը կընտրի մասնակից ընկերություններից երկուսին, որոնք կշարունակեն սեփական նախագծերի կատարելագործումը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության ֆինանսավորմամբ:

Կոնվերտոպլանը օդաչուավոր թռչող սարք է, որի պտուտակները շրջվող են ու կարող են հորիզոնական դիրքից անցնել ուղղահայաց դիրքի և հակառակը։ Դրա շնորհիվ կոնվերտոպլանը օդ է բարձրանում ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական թռիչքով։

Այս հանգամանքը թռչող սարքին թույլ է տալիս արագ թռչել ինքնաթիռային ռեժիմով ու դեսանտ կամ տեխնիկա իջեցնել ինքնաթիռների համար անհասանելի տեղերում ուղղաթիռային ռեժիմի շնորհիվ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *