Եվրոպական կոնվերտոպլաններն արդեն 1000 ժամ թռիչք են կատարել

Բրիտանա-իտալական AgustaWestland ընկերության AW609 կոնվերտոպլանի առաջին երկու նախատիպերն արդեն կատարել են ընդհանուր առմամբ 1000 ժամ թռիչքներ: Ավելի ուշ թռիչքներին միացել է նաև եվրոպական կոնվերտոպլանների երրորդ նախատիպը: Այս մասին հայտնում է flightglobal.com կայքը:

Նախագծող ընկերությունը հավաստիացրել է, որ ներկայում արդեն ունի շուրջ 50 կոնվերտոպլանների պատվերներ: Ընկերության ներկայացուցիչները չեն բացահայտել պատվիրատուներին, սակայն նշել են, որ կոնվերտոպլանները պատվիրատուներն օգտագործելու են կարևոր անձնաց տեղափոխման, որոնողափրկարարական, վիրավորների տեղափոխման և այլ խնդիրների կատարման համար:

Բրիտանա-իտալական ընկերության AW609 կոնվերտոպլան

Բրիտանա-իտալական ընկերության AW609 կոնվերտոպլան

Հիշեցնենք, որ եվրոպական առաջին կոնվերտոպլանի մասին տեղեկություններն առաջին անգամ շրջանառության դրվեցին 2014-ի մարտին, երբ հայտնի դարձավ, որ դրանց առաջին երկու նախատիպերն արդեն փորձարկումներ են անցնում:

Նոր կոնվերտոպլանի սարքավորումները նման են ուղղաթիռների սարքավորումներին, ինչի շնորհիվ օդաչուները արագ կհարմարվեն նոր սարքին։

Արտադրող ընկերությունը մտադիր է մինչև 2017-ը ավարտել փաստաթղթային աշխատանքները ու հենց 2017-ին սկսել սարքի արտադրությունը։ Ենթադրվում է, որ նոր կոնվերտոպլանները կօգտագործվեն սահմանային հատվածներում թմրանյութերի ապօրինի շրջանառության, ապօրինի միգրացիայի դեմ պայքարում, ինչպես նաև փրկարարական ու բեռնափոխադրման աշխատանքներ կատարելիս։

Կոնվերտոպլանը օդաչուավոր թռչող սարք է, որի պտուտակները շրջվող են ու կարող են հորիզոնական դիրքից անցնել ուղղահայաց դիրքի և հակառակը։ Դրա շնորհիվ կոնվերտոպլանը օդ է բարձրանում ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական թռիչքով։

Այս հանգամանքը թռչող սարքին թույլ է տալիս արագ թռչել ինքնաթիռային ռեժիմով ու դեսանտ կամ տեխնիկա իջեցնել ինքնաթիռների համար անհասանելի տեղերում ուղղաթիռային ռեժիմի շնորհիվ։

AW-609 կոնվերտոպլանը երկրորդ նմանատիպ սարքն է այս դասում, մինչ նրա նախագծումը կար միայն մեկ տեսակի կոնվերտոպլան՝ V-22 Osprey-ն, որը նախագծվել է ԱՄՆ-ում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *