Արաբական Միացյալ Էմիրությունների մի քանի հարյուր երիտասարդ բնակիչներ արդեն գրանցվել են երկրի զինված ուժերում պարտադիր զինծառայություն անցնելու համար։ Առիթը ԱՄԷ-ի նախագահ, շեյխ Խալիֆա բեն Զաիդ ալ Նահաիյյանի ստորագրած օրենքն է։

Արաբական Միացյալ Էմիրությունների երիտասարդները հավաքվել են՝ զինծառայություն անցնելու համար գրանցվելու
Ինչպես հաղորդում է The Gulf News պարբերականը, շեյխի ստորագրած օրենքի համաձայն՝ ԱՄԷ-ի քաղաքացի 18-30 տարեկան բոլոր տղամարդիկ պարտավորվում են պարտադիր զինծառայություն անցնել, որի համար պետք է գրանցվեն։ Նորակոչիկների մի մասը գրանցվել է հուլիսի 13-ին մայրաքաղաք Աբու Դաբիում, Շարջա և Ալ Ային քաղաքներում։ Հուլիս ամսվա գրանցվողների համար գրանցումը հասանելի է լինելու մինչև հուլիսի 17-ը։
Ըստ աղբյուրի՝ նոր օրենքը վկայում է, որ ԱՄԷ-ի քաղաքացիները, ավարտելով միջնակարգ դպրոցը, պարտավորվում են զինված ուժերում ծառայել 9 ամիս։ Իսկ ահա նրանք, ովքեր չունեն ավարտական վկայական, հարկադրված են լինելու պարտադիր զինծառայություն անցնել 2 տարի ժամկետով։ Կանանց համար զինծառայությունը կամավոր է, նրանց համար էլ զինծառայություն անցնելու համար գրանցվելու գործընթացը տևելու է հուլիսի 20-ից հուլիսի 24-ը։
Գրանցման գործընթացի ընդհանուր ավարտից հետո՝ արդեն սույն թվականի սեպտեմբերին, զորակոչիկներին կկանչեն հավաքակայաններ։ Ակնկալվում է, որ զորակոչվածների ընդհանուր թիվն անցնելու է 7 հազարից: