Քարվաճառում ավարտվել է դիվերսանտների վնասազերծման գործողությունը. ՊԲ

Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տեղեկություն է տարածել, որում նշում է՝ Քարվաճառում ավարտվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման գործողությունը։

ՊԲ հաղորդագրությունում նշված է.

«Այսօր` ժամը 13:00-ի դրությամբ, Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից: Դեպքի այլ մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ»:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Քարվաճառի ուղղությամբ կանխվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Խմբի մի մասը ձերբակալվել է, մյուսներին հաջողվել է դիմել փախուստի։ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հրապարակել էր Քարվաճառում վնասազերծված դիվերսիոն խմբի անդամներին պատկանող լրակազմի և զինամթերքի, ինչպես նաև  դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամ Գուլիև Շահբազ Ջալալօղլուի  լուսանկարները։ 

Բացի այդ, հուլիսի 12-ին հայտնի է դարձել՝ Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են նաև խմբի այլ անդամներ, որոնցից մեկը ցույց է տվել դիմադրություն և սպանվել: Դիվերսանտի արձակած գնդակից հայկական ուժերը կորցրել են մեկ սպա: