Իրադրությունն Իրաքում. թարմացվող լրահոս. հուլիսի 14

Իրաքի կենտրոնական իշխանության և «Իրաքի և Լևանտի (Ասորիքի) իսլամական պետություն» իսլամիստական (սուննի ուղղության) կազմակերպության միջև հունիսի սկզբին ակտիվացած ռազմական գործողությունները շարունակվում են։

Սիրիայում հաջող գործողություններից հետո ԻԼԻՊ-ն ակտիվացել է Իրաքում՝ գրավելով այդ երկրի երկրորդ խոշոր քաղաքը՝ Մոսուլն ու փորձեր կատարելով առաջանալ մայրաքաղաք Բաղդադի ուղղությամբ։

Իրաքում զարգացումներին օպերատիվ հետևելու համար առաջարկում ենք թարմացվող լրահոսը.

17։30- Թուրքական լրատվամիջոցները տեղեկություններ են շրջանառում, թե Թուրքիայի 32-ամյա մի քաղաքացի մեկնել է Իրաք՝ պայքարելու ԻԼԻՊ-ի դեմ։ Էլազիզցի տղամարդուն այդ քայլին է դրդել թուրքմեններին պաշտպանելու ցանկությունը, ովքեր հայտնվել են զինյալների թիրախում։

12։15- Քիրքուք քաղաքում ահաբեկչությունների հետևանքով 13 մարդ է սպանվել։ Նշենք, որ Քիրքուքն անցել է Իրաքյան Քրդստանի զինված ուժերի՝ Փեշմերգայի վերահսկողության տակ, ինչից հետո ԻԼԻՊ-ն ու նրա համախոհները սկսել են ահաբեկչություններ իրականացնել քաղաքում։

12։10- Մոսուլում շարունակվում են իրաքյան զինուժի գործողություններն ԻԼԻՊ-ի դեմ։ Կազմակերպությունը ստիպված է եղել փոխել իր շտաբը՝ ընտրելով ավելի պաշտպանված վայր։ Մինչ այդ զինյալներն իրենց շտաբը տեղակայել էին Մոսուլի քաղաքապետարանում։

12։00- ԻԼԻՊ-ն օրերս կարողացել է գրավել Բաղդադից 80 հյուսիս-արևելքում տեղակայված ռազմաբազան։ Զինյալները կարողացել են գրավել Մուկդադիա (Դիյալա շրջան) քաղաքի մի մասը, ինչից հետո գրոհել են քաղաքի հարևանությամբ կառուցված ռազմաբազան՝ վերցնելով այն իրենց վերահսկողության ներքո։ Ականատեսների վկայությամբ՝ իսլամիստները մարտեր են վարել նաև տանկերի օգնությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *