Ուկրաինայի հարավ-արևելքում նոր թափով շարունակվում են բախումներն ապստամբների և ուկրաինացի ուժայինների միջև, որոնք վերջին շրջանում առավելություն են ստացել` գրավելով Սլավյանսկ և Կրամատորսկ քաղաքները, առաջանալով Լուգանսկի և Դոնեցկի ուղղությամբ։ Այժմ հիմնական գործողությունները ծավալվում են Դոնեցկում և Լուգանսկում։
Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։
21:00-Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը կրկին հայտնում է, որ ՌԴ-ի կողմից սահմանամերձ շրջանում նկատվում են զորքերի նոր կուտակումներ։ Իր հերթին ուկրաինական Ունիան լրատվական գործակալությունը հրապարակել է լուսանկարներ՝ պնդելով թե դրանք արված են սահմանամերձ գոտում։ Լուսանկարներում պատկերված են ռուսաստանյան խաղաղապահ ուժերի տեխնիկայի տարբեր միավորներ։
19։50-Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջ է քաշել վարկած, որ ռազմաօդային ուժերի Ան-26 ինքնաթիռը խոցել են ՌԴ-ի տարածքից։ Այս տեսակետը նա հիմնավորել է նրանով, որ ինքնաթիռը խոցման պահին թռիչք է կատարել մոտ 6 500 մետր բարձրության վրա, մինչդեռ ապստամբների ունեցած սպառազինությունն ի զորու չէ օդային թիրախը խոցել նման բարձրություններում, ուստի հավանական է, որ օգտագործվել է ավելի մեծ հզորության զինատեսակ՝ Ռուսաստանի տարածքից։ Նշենք, որ օրինակ Իգլա դյուրակիր զենիթահրթիռային համալիրն ունակ է խոցել թիրախները միայն մինչև 3 500 մետր բարձրության վրա։
19:00-Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում պատկերված է հուլիսի 14-ին խոցված ուկրաինական Ան-26 բեռնատար ինքնաթիռը։
18։10”Հաստատվել է տեղեկությունն ուկրաինական խոցված ինքնաթիռի վերաբերյալ։ Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Վալերի Հելեթեյը նախագահ Պորոշենկոյին զեկուցել է, որ խոցվել է ռազմաօդային ուժերի Ան-26 բեռնատար ինքնաթիռը, որն իրականացնում էր հակաահաբեկչական գործողությունում ներգրավված զորքերի նյութատեխնիկական ապահովումը։ Անձնակազմին հաջողվել է փրկվել ու կապի դուրս գալ զինված ուժերի գլխավոր շտաբի հետ։
17:25-ՌԴ-ին սահմանակից Խարկովի շրջանում հայտնաբերվել է թաքստոց, որում եղել են Իգլա դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ։ Ներկայումս իրավապահները փորձում են պարզել դրանց պատկանելությունը։
16։50-Համացանցում հայտնված հերթական տեսարժան տեսանյութը, որում պատկերված է Լուգանսկի շրջանում ուժայինների ամրակետերից մեկը նախքան ապստամբների կողմից ոչնչացումն ու դրանից հետո։
16։00”Ապստամբները հայտարարել են, թե Լուգանսկի շրջանի Իզվարինո բնակավայրի մոտ իրենց հաջողվել է խոցել Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներից մեկը։ Միևնույն ժամանակ, հակաահաբեկչական գործողությունը համակարգող շտաբից լրատվամիջոցներին հայտնել են, որ կորել է կապը Ան-26 բեռնատար ինքնաթիռի անձակազմի հետ։
15։15-Համացանցում հայտնվել են կադրեր՝ որտեղ պատկերված է Ուկարինայի ազգային գվարդիայի ոչնչացված ստորաբաժանումներից մեկը Լուգանսկի մատույցներում։ Հիշեցննք, որ հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերն այս շրջանում հակամարտող կողմերի միջև ծավալվել են ինտենսիվ մարտեր։
14։40-Ուժայինները շարունակում են արձանագրել հաջողություններ։ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագորւթյուն, որում նշվում է, որ վերահսկողություն է սահմանվել ևս 4 բնակավայր նկատմամբ, որոնք մինչ այդ զբաղեցնում էին ապստամբները։
14։05- Ուկրաինացի ուժայինները գիշերը Լուգանսկի Զելենոպոլյե գյուղի մոտ ոչնչացրել են ապստամբներն տեղափոխող երկու ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ուկրաինական պաշտոնական աղբյուրները։
14։00- Դոնեցկի ապստամբները հայտնել են, թե կարողացել են ոչնչացնել ուկրաինական կողմի թիկունքային ապահովման շարասյունը։
12։03- Ապստամբների մի մասը զինտեխնիկայի հետ հանդերձ լքել է Լուգանսկն ու շարժվում է ռուս-ուկրաինական սահմանի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ուկրաինական «Ունիան» լրատվամիջոցը՝ հղում կատարելով հատուկ գործողությունն իրականացնող շտաբի տվյալներին։
12։00- Ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթը, հղում կատարելով իր աղբյուրներին, նշում է, թե պաշտոնական Մոսկվան դիտարկում է Ուկրաինային «ճշգրիտ հարվածներ» հասցնելու հնարավորությունը։ Մասնավորապես, ՌԴ-ը կարող է պատասխան կրակ բացել ուկրաինական կողմից իր տարածքի ուղղությամբ կրակին։ Ավելի վաղ ՌԴ-ն մեղադրել է Ուկարինային իր տարածքը հրետակոծելու համար։
11։45- Ռուսաստանում ապաստան է գտել Ուկրաինայի 23843 քաղաքացի, ովքեր անցել են հարևան երկիր՝ խուսափելու հակամարտությունից, տեղեկացնում են ռուսաստանյան աղբյուրները։
11։40- Լուգանսկում գիշերը մարտեր են ընթացել ուժայինների և ապստամբների միջև։ Բախումներ են եղել Ուրալո-Կավկազ, Պորեչյե և Գոնչարովկա բնակավայրերում։
11։39- Ուժայիններին հաջողվել է վերահսկողություն սահմանել Լուգանսկի օդանավակայանի նկատմամբ։ Առավոտյան տարածված տեղեկությունների համաձայն՝ ապստամբները հակագրոհ են նախապատրաստում՝ օդանավակայանը վերագրավելու համար։