Իսրայելի հատուկ նշանակության զորքերը մտել են Գազայի հատված. Պաղեստինը դիմել է ՄԱԿ-ին

Իսրայելի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները հուլիսի 13-ին առաջին ցամաքային գործողությունն են իրականացրել Գազայի հատվածում։ Դրա հետևանքով Իսրայելի զինծառայողները հրաձգություն են սկսել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման անդամների դեմ, ինչի պատճառով էլ առնվազն 4 իսրայելցի զինծառայող վիրավորվել է։ Սպանված պաղեստինցիների թիվն ընդհանուր առմամբ 156 է։

Գազայի հատվածը՝ Իսրայելի ավիահարվածներից հետո. լուսանկարը՝ AP լրատվական գործակալությանը

Գազայի հատվածը՝ Իսրայելի ավիահարվածներից հետո. լուսանկարը՝ AP լրատվական գործակալությանը

Ինչպես հաղորդում է ամերիկյան The New York Post  պարբերականը, իսրայելցիների հիմնական թիրախը պաղեստինցիներին պատկանող արձակման կայանն էր, որից էլ ենթադրաբար հրթիռներ էին արձակվում Իսրայելի ուղղությամբ։

Բացի այդ, իսրայելական բանակը հայտարարել է՝ մեկ շաբաթ տևած գործողության ընթացքում իրենց հաջողվել է խոցել Գազայի հատվածում տեղակայված պաղեստինյան 1160 օբյեկտ, որոնք, ըստ իսրայելական կողմի հավաստիացումների, պատկանում էին ՀԱՄԱՍ-ին։ Նույն ժամանակահատվածում Իսրայելը Գազայի ուղղությամբ արձակել է 690 հրթիռ։

Նշենք, որ Եվրոպական Միջերկրածովյան իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ հուլիսի 7-ից 13-ը Իսրայելը Գազայի ուղղությամբ արձակել է իրականում 2061 հրթիռ, դրանցից 402-ը՝ օդից, 330-ը՝ ցամաքից, 329-ը՝ ծովից։ Պաղեստինի առողջապահության նախարարությունն էլ իր հերթին փոխանցել է, որ Իսրայելի հրթիռակոծումների հետևանքով սպանվածների ճնշող մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ 14 կին, 28 երեխա։ Ընդ որում, համաձայն նույն աղբյուրի՝ սպանվածներից միայն 7-ն են Գազայի հատվածում գործող զինված խմբավորումների անդամներ։

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է՝ Գազայի հատվածում իսրայելցիների գործողությունը, հավանական է, երկար տևի։ Ռուսաստանյան «Ռիա Նովոստի» գործակալության տեղեկություններով՝ Գազայի հատվածի հյուսիսի պաղեստինցի բնակիչները սկսել են լքել իրենց բնակավայրերը։

Իսրայելի վերոհիշյալ գործողության առնչությամբ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը դիմել է ՄԱԿ-ին՝ Պաղեստինի տարածքում «միջազգային պաշտպանություն հաստատելու» հայցով։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նրա նամակում մասնավորապես ասված է՝ հայցում են անհապաղ կերպով կազմավորել հատուկ հանձնաժողով Գազայի հատվածում սրված իրավիճակին լուծում տալու նպատակով։

Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը հուլիսի 8-ին հայտարարել էր պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Պատճառը, ըստ իսրայելական կողմի, Գազայի հատվածից իրենց ուղղված հրթիռային չդադարեցվող հարվածներն են։

Նկատենք, որ իսրայելցի զինվորականների խոսքերով՝ միայն վերջին 2 օրերի ընթացքում պաղեստինյան կողմից իրենց ուղղությամբ արձակվել է ավելի քան 80 հրթիռ, որոնցից մի մասը չեզոքացվել է իսրայելական «Երկաթե գմբեթ» (Iron Dome) հակաօդային պաշտպանության համակարգով, որը նախատեսված է փոքր հեռահարության՝ մինչև 70 կմ հրթիռների համար, իսրայելական եռաստիճան հակահրթիռային պաշտպանության առաջին բաղադրիչն է է։

Բացի այդ, հաշվի առնելով սրված իրավիճակը՝ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀՕՊ քաղաքացիական պաշտպանության պահեստազորի ավելի քան 100 անդամների, ինչպես և շտաբային աշխատակիցների մոբիլիզացիա։ Ավելին, կառավարությունը թույլատրել է ևս 1.5 հազար հոգու մոբիլիզացումը։

Հավելենք, որ Արաբական երկրների լիգան պահանջ է ներկայացրել ՄԱԿ-ին՝ անհապաղ ԱԽ նիստ գումարել։  Լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին հայտարարել է՝ ՄԱԿ-ը պարտավոր է քննադատել Իսրայելի՝ Գազային ուղղված ավիահարվածները՝ իր հերթին հաղորդելով 12 սպանված, 70 վիրավոր պաղեստինցիների մասին։

2 responses to “Իսրայելի հատուկ նշանակության զորքերը մտել են Գազայի հատված. Պաղեստինը դիմել է ՄԱԿ-ին

  1. Pingback: Իսրայելը հայտարարել է պաղեստինյան կողմին պատկանող անօդաչուի ոչնչացման մասին | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիան պաշտպանել է Պաղեստինի անկախության բանաձևն ու քննադատել Իսրայելին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *