Մեքսիկայում զինծառայողներն ու հանցավոր խմբավորման անդամները կրկին բախվել են. կան զոհեր

Առնվազն 8 հոգի զոհ են գնացել օրերս Մեքսիկայի Սինալոա նահանգում երկրի զինված ուժերի զինծառայողների և հանցավոր խմբավորումների անդամների միջև բախումներում։

Մեքսիկայի զինուժի զինծառայողներ

Մեքսիկայի զինուժի զինծառայողներ

Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով մեքսիկական լրատվամիջոցներին։ Ըստ աղբյուրի՝ Մեքսիկայի բանակի այդ թվում ծովային հետևակի ստորաբաժանումները ծրագրային տեսչական ստուգումներ էին անցկացնում սույն նահանգում, երբ նրանց վրա հարձակվել են մի քանի զինյալներ։

Արդյունքում սկսվել է փորհրաձգություն, որի հետևանքով էլ սպանվել է 8 հոգի։ Նշենք, որ սպանվածների շարքում զինծառայողներ չկան։
Հավելենք, որ միջադեպի վայրում առգրավվել են մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ զրահապատ, նաև՝ հրազեն, զենք-զինամթերք, փամփուշտներ։ Նկատենք, որ համաձայն պաշտոնական տվյալների՝ հանցավոր խմբի անդամները կրում էին հենց այնպիսի համազգեստներ, ինչպիսիք նախատեսված են Մեքսիկայի զինուժի ներկայացուցիչների համար։

Հիշեցնենք, որ ներկայիս նախագահ Նյետոյի նախընտրական խոստումների շարքում էր կազմակերպված հանցավորության դեմ համակարգված պայքարը։ 2007-ից մինչ օրս հիմնականում թմրաբիզնեսով զբաղվող խմբավորումների գործունեության հետևանքով սպանվել է ավելի քան 90 հազար հոգի։
Հարկ է նշել, որ Նյետոյի ընտրվելուց հետո Մեքսիկայում ընդհանուր առմամբ հանցավորության մակարդակը նվազել է, սակայն բարձրացել է առանձին նահանգների կտրվածքով։ Այսպես, նախագահի ծննդավայր Մեխիկոյում այն 2013-ի համեմատ աճել է 14 տոկոսով, իսկ Միչոաքանում՝ շուրջ 40 տոկոսով։

Հավելենք նաև, որ հանցավորության դեմ պայքարում Մեքսիկայում ներգրավված են նաև կամավորները՝ վիգիլանտները։ Մեքսիկայի իշխանությունները 2014-ի հունվարի 27-ին օրինական կարգավիճակ շնորհեցին վիգիլանտներին և ստանձնեցին նրանց ղեկավարումը։

Նույն օրը հայտնի դարձավ, որ Մեքսիկայում կազմավորվելու են Շրջանային պաշտպանական ուժեր (Cuerpo de Defensa Rural), որին կանդամակցեն նարկոկարտելների դեմ պայքարող բոլոր աշխարհազորայինները, որոնց թվաքանակը գնահատվում է մոտ 20 հազար մարդ։ Աշխարհազորային ջոկատներից պահանջվում է ներկայացնել իրենց բոլոր անդամների ցուցակները և գրանցել զենքերը Մեքսիկայի պաշտպանության նախարարությունում, որն էլ իր հերթին պարտավորվելու է նրանց տրամադրել կապի միջոցներ, որոշ դեպքերում նաև զինամթերք։ Վիգիլանտներն իրենց զենքերը մշտապես կարող են պահել իրենց մոտ, առավել աչքի ընկած կամավորները հնարավորություն կստանան աշխատանքի անցնել ոստիկանությունում։

Համաձայնության ձեռքբերման դրական արդյունքները երկար սպասեցնել չտվեցին. վիգիլանտների խմբերի աջակցությամբ ձերբակալվեց «Տամպլիերների ասպետների» 4 ղեկավարներից մեկը՝ Դիոնիսիո Լոյա Պլանկարետին, ով հայտնի է «Հորեղբայր» (El Tio) մականունով։ «Հորեղբայրը» Մեքսիկայի ամենափնտրվող հանցագործներից էր, իսկ նրա համար շուրջ 2.2 մլն դոլար գլխագին էր սահմանված։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *