Պաշտոնական Բաքուն դիմել է Կարմիր խաչին՝ դիվերսանտի գերեվարության հարցով

Ադրբեջանի իշխանությունները դիմել են Կամիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ)՝ դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամ Գուլիև Շահբազ Ջալալօղլուի միջադեպը հաստատելու կամ հերքելու, իսկ հաստատման դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկելու համար:

Ինչպես ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությանը հայտնել է ԿԽՄԿ ադրբեջանական գրասենյակի հանրային կապերի վարչության ղեկավար Իլահա Հուսեյնովան, տեղեկության հաստատվելու դեպքում ԿԽՄԿ-ն, օգտագործելով իր մանդատը, հնարավորություն կունենա այցելել Գուլիևին:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Քարվաճառի ուղղությամբ կանխվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Խմբի մի մասը ձերբակալվել է, մյուսներին հաջողվել է դիմել փախուստի։ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հրապարակել էր Քարվաճառում վնասազերծված դիվերսիոն խմբի անդամներին պատկանող լրակազմի և զինամթերքի, ինչպես նաև  դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամ Գուլիև Շահբազ Ջալալօղլուի  լուսանկարները։

Բացի այդ, ադրբեջանական Տերտերի (Թարթառի) շրջանի Ղափանլը գյուղի բնակիչ, 1968-ին ծնված Գուլիև Շահբազ Ջալալ օղլուի եղբայրը՝ Իլհամ Գուլիևը, հարցազրույց է տվել ադրբեջանական Teleqraf.com կայքին՝ շեշտելով, որ Շահբազը որոշ ժամանակ առաջ Քարվաճառ է ուղևորվել և այնտեղ տեսագրություններ կատարել։ Գուլիևի եղբայրը հավատիացրել է, որ չի իմացել, թե «Շահբազը գերի է ընկել»։ Եղբոր խոսքերով՝ իրենք բազմիցս հորդորել են, որ նա չգնա Քարվաճառ, քանի որ «վտանգի է ենթարկում իր կյանքը»։ Եղբայրը հավելել է՝ Շահբազն ունի կին և մեկ դուստր։ Ըստ Իլհամ Գուլիևի՝ հունիսի 18-ից ի վեր իրենք Շահբազին չեն տեսել։ «Նա սովորաբար միայնակ չէր գնում այնտեղ»,-հավելել է եղբայրը։

One response to “Պաշտոնական Բաքուն դիմել է Կարմիր խաչին՝ դիվերսանտի գերեվարության հարցով

Մեկնաբանել ArmenՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *