Ադրբեջանի իշխանությունները դիմել են Կամիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ)՝ դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամ Գուլիև Շահբազ Ջալալօղլուի միջադեպը հաստատելու կամ հերքելու, իսկ հաստատման դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկելու համար:
Ինչպես ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությանը հայտնել է ԿԽՄԿ ադրբեջանական գրասենյակի հանրային կապերի վարչության ղեկավար Իլահա Հուսեյնովան, տեղեկության հաստատվելու դեպքում ԿԽՄԿ-ն, օգտագործելով իր մանդատը, հնարավորություն կունենա այցելել Գուլիևին:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Քարվաճառի ուղղությամբ կանխվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Խմբի մի մասը ձերբակալվել է, մյուսներին հաջողվել է դիմել փախուստի։ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հրապարակել էր Քարվաճառում վնասազերծված դիվերսիոն խմբի անդամներին պատկանող լրակազմի և զինամթերքի, ինչպես նաև դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամ Գուլիև Շահբազ Ջալալօղլուի լուսանկարները։
Բացի այդ, ադրբեջանական Տերտերի (Թարթառի) շրջանի Ղափանլը գյուղի բնակիչ, 1968-ին ծնված Գուլիև Շահբազ Ջալալ օղլուի եղբայրը՝ Իլհամ Գուլիևը, հարցազրույց է տվել ադրբեջանական Teleqraf.com կայքին՝ շեշտելով, որ Շահբազը որոշ ժամանակ առաջ Քարվաճառ է ուղևորվել և այնտեղ տեսագրություններ կատարել։ Գուլիևի եղբայրը հավատիացրել է, որ չի իմացել, թե «Շահբազը գերի է ընկել»։ Եղբոր խոսքերով՝ իրենք բազմիցս հորդորել են, որ նա չգնա Քարվաճառ, քանի որ «վտանգի է ենթարկում իր կյանքը»։ Եղբայրը հավելել է՝ Շահբազն ունի կին և մեկ դուստր։ Ըստ Իլհամ Գուլիևի՝ հունիսի 18-ից ի վեր իրենք Շահբազին չեն տեսել։ «Նա սովորաբար միայնակ չէր գնում այնտեղ»,-հավելել է եղբայրը։
One response to “Պաշտոնական Բաքուն դիմել է Կարմիր խաչին՝ դիվերսանտի գերեվարության հարցով”