2015 թվականի գարնանը Բելառուսը մտադիր է մինչև 85 տոկոս տեղայնացնել ռուսաստանյան «Տիգր» զրահամեքենաների մասերի արտադրությունը։ Սրա համար Բելառուսում արդեն սկսվել է մի խումբ ընկերությունների կոնգլոմերատի ստեղծումը։
Մինսկում անցկացվող MILEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ այս մասին, ըստ բելառուսական «ԲելՏԱ» լրատվական գործակալության, հայտնել է Բելառուսի Ռազմարդյունաբերության պետական հանձնաժողովի ղեկավար Սերգեյ Գուրուլևը։
Պաշտոնյայի խոսքով՝ արտադրության կազմակերպման համար ներկայում ընկերությունների աշխատանքի բաժանում է արվում, որից հետո ընկերություններից յուրաքանչյուրը կզբաղվի զրահամեքենայի առանձին մասերի արտադրությամբ։
Նշենք, որ ռուսաստանյան «Տիգր» զրահամեքենան նախատեսված է զինված ուժերի հատուկ գործողությունների, մասնավորապես հետախուզական գործողությունների, շարասյուների ու ռազմական օբյեկտների պաշտպանության, հետևակի կրակային աջակցության համար։
4×4 ընթացամասով մեքենայի վրա տեղադրված է 205 ձիաուժանոց դիզելային շարժիչ, որը շուրջ 6,6 տոննա զանգվածով մեքենային թույլ է տալիս զարգացնել մինչև 125 կմ/ժ արագություն։ Անձնակազմը 6 հոգի է, բեռնատարողությունը՝ 1,2 տոննա, ընդ որում բեռների համար նախատեսված են հատուկ տեղեր։
Մեքենայի տանիքին կա լյուկ, որից մեքենայի դեսանտայինները կարող են կրակ վարել։ Հնարավոր է նաև հավելյալ սպառազինության տեղադրում։
«Տիգր» զրահամեքենաներ առկա են նաև Հայաստանի զինված ուժերի ու ոստիկանության զորքերի սպառազինությունում։ Զինված ուժերին պատկանող զրահամեքենաները ներկայացվել են Երևանում 2011-ի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ։