Այս տարի Ռուսաստանի զինված ուժերի զորակոչիկներին տրվող անհատական էլեկտրոնային քարտերի տվյալների բազան անհամեմատելիորեն կմեծանա։ Եթե մինչև այժմ նրանց տրվող անհատական քարտի վրա նշվում էր 59 տվյալ, ապա հիմա տվյալների թիվը կավելանա` հասնելով 200-ի։
Այս մասին ռուսաստանյան լրագրողներին հայտնել է ՌԴ ԶՈւ ԳՇ զորակոչի և մոբիլիզացիայի ծառայության ղեկավար, գնդապետ Ալեքսեյ Կնյազևը։
Կնյազևը հայտնել է, որ քարտերի վրա նշված է մեծ քանակությամբ տեղեկատվություն անձի ինչպես զինվորական հաշվառման, այնպես էլ առողջական տվյալների մասին։
Յուրաքանչյուր զորակոչիկի տրվում է իր անհատական համարը, իսկ քարտի վրա նշվում է նրանց լուսանկարը։
«Այս համակարգն ապահովում է զինծառայողների հաշվառումն ու հնարավորություն է տալիս նրանց ծառայության ընթացքում վերահսկել ստացված դրամական բավարարումները»,- հավելել էր գնդապետը։
Հայտնի է նաև, զորակոչիկը ստանում է բանկային քարտ, որի հաշվեհամարին ամեն ամիս փոխանցվում է 2 հազար ռուբլի գումար։
Ռուսաստանում գարնանային զորակոչը մեկնարկել է ապրիլի մեկին և կավարտվի հուլիսի 15-ին։ Այդ ժամանակահատվածում ՌԴ ԶՈւ-ն և մյուս ուժային կառույցները կհամալրվեն 154 հազար զինծառայողով։
Հավելենք, որ ՌԴ-ն իր բանակը համալրում է խառը սկզբունքում, այսինքն՝ ինչպես պարտադիր զորակոչով, այնպես էլ պայմանագրային հիմունքներով։ Պարտադիր զինվորական ծառայությունը 1 տարի է, զորակոչվում են 18-27 տարեկան երիտասարդները։