Ռուսաստանը կարդիականացնի Մեքսիկայի ՌՕՈւ Մի-17 ուղղաթիռները

«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգն առաջիկայում կսկսի Մեքսիկայի ռազմաօդային ուժերի թվով 19 Մի-17 ուղղաթիռների արդիականացման գործընթացը։ Նախնական տեղեկություններով, արդիականացման ենթակա ուղղաթիռներն արդեն Ռուսաստանում են, դրանք բերվել են 2014-ի հունիս-հուլիս ամիսներին՝ Ան-124-100 բեռնատար ինքնաթիռով։ Այս մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը։

Մի-17 ուղղաթիռ. Մեքսիկայի ՌՕՈւ

Մի-17 ուղղաթիռ. Մեքսիկայի ՌՕՈւ

Ստույգ հայտնի չէ, թե ինչ փոփոխություններ է ենթադրում ուղղաթիռների արդիականացումը, սակայն նշվում, է, որ աշխատանքները պետք է ավարտվեն 2015-ին։ Դեռևս 2014-ի մայիսին Մեքսիկան հայտարարել էր, որ իր ավիապարկում կա 19 միավոր Մի-17 (ռուս.՝ Ми-17) ուղղաթիռ, որոնք ունեն կապիտալ նորոգման կարիք։

Նշենք, որ արդիականացումից բացի, Մեքսիկան 2013-ի դեկտեմբերին կնքել է նաև 285 միլիոն դոլար արժողությամբ մեկ այլ պայմանագիր, որով Ռուսաստանից կստանա 14 միավոր նոր արտադրված Մի-17 ուղղաթիռ։ Դրանք կհամալրեն անտառային տնտեսության պահպանության ազգային կոմիտեի ավիապարկը և կօգտագործվեն հրդեհների դեմ պայքարում։ Թռիչքները, սակայն, կիրականացնեն ռազմաօդային ուժերի օդաչուները։

Հավելենք, որ Մեքսիկայում ներկայումս ընթացքի մեջ է ռազմաօդային ուժերի հնարավորությունների ընդլայնման ծրագիրը, որը ենթադրում է մինչև 2018-ը ավիապարկում առկա 47 միավոր ուղղաթիռների թիվը հասցնել 138-ի։ Այս պահի դրությամբ հայտնի է, որ Մեքսիկան ներկայացրել է 18 միավոր ամերիկյան UH-60M Black Hawk (Սև Շահեն) և 6 միավոր իտալական AW109SP ուղղաթիռների նախնական պատվեր։

Մի-17-ը խորհրդային նախագծման Մի-8 բեռնատար ուղղաթիռի արտահանման համար նախատեսված տարբերակն է։ Մոդիֆիկացիան նախագծվել է 1987-ին։ 3 հոգանոց անձնակազմ ունեցող ուղղաթիռը կարող է տեղափոխել 24 հոգի, կամ շուրջ 5.5 տոննա բեռ։ Մի-17-ի առավելագույն արագությունը 250 կմ/ժ է, թռիչքի առաստաղը 6 000 մետր։ Մեկ լիցքավորմամբ այն կարող է անցնել մինչև 590 կմ հեռավորություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *