Ղրղզստանում Պենտագոնի ավիակայանը պաշտոնապես դադարեցրել է գործունեությունը

Հուլիսի 11-ին Ղրղզստանում իր գործունեությունը դե-յուրե դադարեցրել է ԱՄՆ-ի ու Ղրղզստանի միջև համաձայնագրով գործող Պենտագոնի՝ Ղրղզստանում տեղակայված տարանցիկ փոխադրման կենտրոնը։

Ղրղզստանում ամերիկյան ավիակայանը

Ղրղզստանում ամերիկյան ավիակայանը

Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի»  լրատվական գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ զինծառայողները հեռացել են «Մանաս» միջազգային օդանավակայանում տեղակայված ռազմակայանից դեռևս շաբաթներ առաջ։

Հիշեցնենք, որ Բիշքեքի միջազգային օդակայանում 2011-ի դեկտեմբերին ստեղծված ամերիկյան ավիակայանը նախատեսված է եղել Աֆղանստանում կոալիցիոն ուժերի կողմից իրագործվող «Անխախտ ազատություն» գործողությանը աջակցելու համար։ Ավելի ուշ այն վերանվանել են «Մանաս» տարանցիկ տեղափոխման կենտրոն։ Այն ըստ էության ապահովել է ամերիկյան ինքնաթիռների վերալիցքավորում օդում, զինծառայողների և բեռների փոխադրում։ 2010-ին Ղրղզստանի ներկայիս նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել էր՝ քաղաքացիական օդակայանում տեղակայված «այս ռազմական օբյեկտը պետք է անհապաղ փակվի»։

Հավելենք, որ սույն թվականի հուլիսի 3-ին ամերիկյան կողմը պաշտոնական արարողության շրջանակներում Ղրղզստանի կառավարությանն է հանձնել վարձակալած տարածքը: Պաշտոնական տվյալներով՝ իր գոյության ընթացքում Ղրղզստանում ավիակայանի ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողները մասնակցել են 33.5 հազար ռազմական գործողությունների, կատարել են 135 հազար ինքնաթիռի վերալիցքավորում, ավիակայանով անցել են 5.3 մլն զինծառայողներ 26 պետություններից, որոնք մասնակցել են Աֆղանստանում հակաահաբեկչական գործողություններին։ Ամերիկյան կողմի փոխանցմամբ՝ սույն ավիակայանի գործառույթներն այսուհետ կատարելու է Ռումինիայում տեղակայված Միխայիլ Կոգալնիչեանուի անվան կենտրոնը։

Նկատենք, որ Բիշքեքի ավիակայանը զբաղեցնում էր 220 հա տարածք։ Ընդ որում, ամերիկացի զինվորականների հեռանալուց հետո Ղրղզստանին մնաց բարեկարգ ենթակառուցվածքներով կայան՝ մոտ 30 մլն ԱՄՆ դոլարի գույքով, այդ թվում՝ տարբեր սարքավորումներ, շարժիչներ, գեներատորներ։

Ղրղզստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ասանբեկ Ալիմկոժոևը հայտարարել է՝ ավիակայանի տարածքում տեղակայելու են Ազգային գվարդիայի նոր զորամասը։ Ներկա դրությամբ զինվորականներն արդեն սկսել են տեղափոխման գործընթացը։

Նշենք  նաև, որ Ղրղզստանում միևնույն ժամանակ աղմուկ է բարձրացրել կապված նախկին ամերիկյան ռազմակայանի ունեցվածքը համացանցում աճուրդի հանելու թեմայի հետ։ Մասնավորապես, դեռևս անհայտ անձինք 600 դոլարով վաճառում էին ամերիկյան զինուժի վրանները։ Ղրղզստանի Ազգային գվարդիայի ներկայացուցիչները հավաստիացրել են՝ այժմ խնդիրը լուծված է, ավիակայանի ունեցվածքը պետության վերահսկողության ներքո է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *