«Գրիֆ-1» մարտավարական դասի բելառուսական անօդաչու թռչող համալիրն ավարտել է Բելառուսի պաշտպանության նախարարության շրջանակներում անցկացվող փորձարկումները, և 2015-ից մեկնարկելու է վերջինիս սերիական արտադրությունը։
Այս մասին ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությանը հաղորդել է «Ագատ» կառավարման համակարգերի ընկերության գլխավոր տնօրեն Յուրի Մոսիենկոն։ Նրա խոսքերով՝ 2015-ին ակնկալվում է ոչ միայն անօդաչուի սերիական արտադրություն, այլև դրա առաջին խմբաքանակի տրամադրումը Բելառուսի ՊՆ-ին։
Համալիրի ստեղծման աշխատանքներն ընթացել են ընդհանուր առմամբ 3 տարի Բելառուսում իրականացվող, ԱԹՍ-ների կատարելագործմանն ուղղված ծրագրի շրջանակներում։ Նախագծի մշակմանը մասնակցում էին բելառուսական «Ագաթ», «ԻՆԴԵԼԱ» ու «ԿՎԱՆԴ» ընկերությունները։ Անօդաչուն հավաքել են Բարանովիչ քաղաքի 558 ավիաշինական գործարանում։
Համաձայն պաշտոնական տվյալների՝ «Գրիֆ-1» ԱԹՍ-ի առավելագույն թռիչքային զանգվածը 150 կգ է, այն ունակ է օդում մնալ մինչև 5 ժամ՝ կրելով մինչև 20 կգ օգտակար բեռնվածություն, որի կազմում են փոխարինվող մոդուլներ, այդ թվում՝ հետախուզության համար նախատեսված օպտիկակական-էլեկտրոնային մոդուլը, ռադիոէլեկտրոնային հետախուզության և ՌԷՊ մոդուլները։ ԱԹՍ-ի թևերի բացվածքը 5 մ է։
Հիշեցնենք, որ 2013-ի սեպտեմբերի 25-ին ռուս-բելառուսական «Արևմուտք-2013» զորավարժության ժամանակ հրթիռային զորքերի կրակային միջոցների, ինչպես նաև հրետանու որոնման և հայտնաբերման համար օգտագործվել է հենց հետախուզական «Գրիֆ-1» ԱԹՍ-ի փորձնական օրինակը։
Անօդաչուների գծով ՌԴ փորձագետ Դենիս Ֆեդուտինովի կարծիքով՝ այսպես կոչված Shadow դասի ԱԹՍ-ները, որոնց շարքին էլ պատկանում է «Գրիֆ-1»-ը, ներկայումս ամենապահանջվածներից մեկն են աշխարհում։ Դրանց առավելությունը մեծ բեռնատարողությունն է և համեմատաբար մատչելի արժեքը։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ ՌԴ-ն ևս համանման անօդաչուի ստեղծման աշխատանքներ է տանում։