Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավարը մեկնելու է Իրան

Հուլիսի 10-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիևը հանդիպել է Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհսեն Փաք Այեենին։

Ադրբեջանի հանրապետության Սահմանապահ պետական ծառայության պետ գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիև

Ադրբեջանի հանրապետության Սահմանապահ պետական ծառայության պետ գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիև

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Azernews.az լրատվակայքը, հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Գուլիևը 2014-ի երկրորդ կեսին այցելելու է Իրան։ Հանդիպման ընթացքում Գուլիևին Իրան է հրավիրել իր իրանցի պաշտոնակից Հուսեյն Զուլֆուհարին։

Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավարը հանդիպման ընթացքում շեշտել է՝ սույն այցերը կարևոր են սահմանային թմրաբիզնեսի և թրաֆիքինգի դեմ պայքարում համատեղ մեթոդներ մշակելու տեսանկյունից։ Գուլիևը նաև ընդգծել է՝ երկու երկրների սահմանին տիրող իրավիճակը «կարող է բարեկամության լավ օրինակ ծառայել»։

Այնուհանդերձ, Իրանի ու Ադրբեջանի սահմանին զինված միջադեպերը քիչ թիվ չեն կազմում։ Ընդ որում, դրանց հետևանքով երբեմն սրվում են երկու երկրների հարաբերությունները։ Այսպես, նոյեմբերի 7-ին Ջուղայի անցակետից ոչ հեռու միջադեպ էր գրանցվել։ Ընդ որում, երկու կողմերը միմյանցից տարբեր պատմություն են ներկայացնում։ Ադրբեջանը պնդում է, որ Նախիջևանի ադրբեջանցի տրակտորավարներից մեկն Արաքսի ափին՝ Շարուրի շրջանի Դեմիրչի գյուղին կից, հողային աշխատանքներ է կատարել։ Երկու զինծառայողներ կրակ են բացել տրակտորի ուղղությամբ։ Ադրբեջանի սահմանապահները, ժամանելով դեպքի վայր, պարզել են՝ կրակը բացվել է Իրանի կողմից։

Իրանական կողմը հաղորդում է, որ 2 իրանցի տրակտորավարներ աշխատանքներ էին կատարում սահմանին՝ չեզոք գոտում։ Նրանց ուղղությամբ կրակ է բացվել:

Արդյունքում Իրանը նոյեմբերի 8-ից փակել էր Ջուղայի սահմանային հսկիչ անցակետը Նախիջևանի հետ սահմանին և Բիլյասուվարին՝ Ադրբեջանի հետ սահմանին։ Դրանք կենսական նշանակություն ունեն Ադրբեջանի համար։ Անցակետերը բանակցություններից հետո բացվեցին միայն նոյեմբերի 11-ին։

Իրանը հաճախ կիրառում է Նախիջևանի հետ սահմանի փակման հանգամանքը՝ որպես հավելյալ լծակ Ադրբեջանի դեմ։ Խնդիրն այն է, որ Նախիջևանը զրկված է Ադրբեջանի հետ ցամաքային հաղորդակցությունից: Ադրբեջանից Նախիջևան տանող միակ ճանապարհն օդային ուղին է, իսկ ցամաքային միակ ուղին անցնում է Իրանով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *