Հուլիսի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության օդադեսանտային փրկարարական ջոկատը ՊՆ զորամասերից մեկի օդանավակայանում անցկացրել է հերթական գործնական պարապմունքը:
Մինչև ուսումնական թռիչք իրականացնելը, ԱԻ նախարարության և Պաշտպանության նախարարության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, փրկարարական ջոկատի անդամները մասնակցել են հատուկ դասընթացների, որի ժամանակ նրանք ստացել են անկարգելի կառավարման տեսական գիտելիքներ, իսկ հետո հատուկ սարքավորումների օգնությամբ սովորել են օդում կառավարել անկարգելը:
Վաղ առավոտյան ԱԻՆ օդադեսանտային ջոկատի անդամները ժամանեցին ուսումնական թռիչքի իրականացման վայր, որտեղ անցան նախաթռիչքային բժշկական զննում, այնուհետև սկսեցին նախապատրաստվել թռիչքին:
ՊՆ գնդապետ Թևոս և կապիտան Քրիստինա Իլիկչյանների ղեկավարությամբ իրականացվեցին ջոկատի անդամների հրահանգավորման աշխատանքները, որից հետո արդեն ամեն ինչ պատրաստ էր թռիչքի համար: Հրամանատարական դիտակետից ԱԻՆ օդադեսանտային փրկարարական ջոկատի անդամների ուսումնական թռիչքներին հետևում էին ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը և փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը: Ուղղաթիռն օդ բարձրացրեց օդադեսանտային ջոկատի անդամներին, որտեղ մոտ 800 մետր բարձրությունից իրականացվեցին թռիչքները:
Այս անգամ ուսումնական թռիչք կատարեցին օդադեսանտային ջոկատի 16 անդամներ, որոնցից 4-ը` իգական սեռի ներկայացուցիչներ: Օդային պարապմունքն անցավ նախատեսված պլանի համաձայն, ԱԻՆ օդադեսանտային ջոկատը կատարեց օդային ուսումնական ծրագրով իր առջև դրված բոլոր խնդիրները: Այսպիսի օդային պարապմունքները շարունակական բնույթ են կրելու, դրանց ընթացքում ստացած գործնական հմտություններն ԱԻՆ օդադեսանտային ջոկատի անդամները անհրաժեշտության դեպքում կկիրառեն իրական օդային փրկարարական աշխատանքների ժամանակ:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հուլիսի 6-12 | Ռազմ.info