Իսրայելն ընդլայնում է ռազմական գործողության ծավալները Գազայի հատվածում

Իսրայելական բանակն ընդլայնում է Գազայի հատվածի դեմ ուղղված «Անխախտ ժայռ» գործողությունը՝ գործի դնելով իր հրետանին և օդուժը։ Միայն հուլիսի 9-ի ընթացքում ՑԱՀԱԼ-ը խոցել է Գազայում ավելի քան 100 թիրախ։

Գազայի հատվածը հրթիռակոծումից հետո. հուլիսի 9

Գազայի հատվածը հրթիռակոծումից հետո. հուլիսի 9

Համաձայն իսրայելական Cursorinfo կայքի հաղորդած տվյալների՝ ներկայումս մարտական գործողություններն ընթանում են Գազայի հյուսիսային և կենտրոնական հատվածներում։ Պաղեստինյան լրատվամիջոցներն իրենց հերթին տեղեկացնում են Ռաֆիահա, Հան-Յունես, ինչպես և Գազայի այլ արվարձաններում իսրայելիցների կողմից իրականացվող ինտենսիվ գրոհների մասին։

ՑԱՀԱԼ-ի մամուլի քարտուղար, բանակի գեներալ Մոթի Ալմոզայի խոսքերով՝ իսրայելական բանակը ձգտում է «հիմնականում կետային հարվածներ հասցնել թե´ ցամաքից, թե´ ծովից, որոնք ուղղված են ահաբեկիչների պատսպարանների ոչնչացմանը»։ Խոսքը գերազանցապես հրթիռակոծման մասին է, բացի այդ էլ Գազայի ավաններից մեկից ականանետերից կրակ բացած պաղեստինցիներին Իսրայելը պատասխանել է տանկերից արձակված կրակով։ Սա թերևս առաջին անգամ է, երբ Իսրայելը տանկային կրակ է կիրառում վերոհիշյալ գործողության շրջանակներում։

Գեներալը նաև ընդգծել է՝ մարտական գործողությունները չեն ընդհատվում, որպեսզի «հնարավորություն չտան ահաբեկիչներին ուշքի գալ»։ Ընդ որում, իսրայելցիները փորձում են հարձակումներով ոչնչացնել նաև պաղեստինցիների զենք-զինամթերքի հավանական պահեստները և հրթիռների արտադրման վայրերը։

Այնուհանդերձ, իսրայելական կողմը հաղորդում է նաև պաղեստինցիների գործողությունների մասին։ Վերջիններս, ըստ աղբյուրի, Իսրայելի ուղղությամբ մոտ 100 հրթիռ են արձակել 1 օրում։ Դրանք ուղղված են եղել Հայֆա, Կեյսարիա, Զիհրոն-Յակովա, Թել-Ավիվ, Երուսաղեմ, Ռեհովոթա, Բեեր-Շևր, Աշքելոնա,Աշդոդա, Սդերոթա քաղաքաներին։ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է՝ իրենց հիմնական թիրախը Բեեր-Շևր քաղաքն էր, որտեղ էլ տեղակայված միջուկային հետազոտությունների կենտրոնը։

Վերջին 2 օրերին բժշկական օգնություն է ցուցաբերվել 68 իսրայելցու, որոնք վնասվածքներ են ստացել հրթիռակոծումից։ Պաղեստինցիները տեղեկացնում են 53 սպանվածի, 465 վիրավորի մասին։

Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Պատճառը, ըստ իսրայելական կողմի, Գազայի հատվածից իրենց ուղղված հրթիռային չդադարեցվող հարվածներն են։

Նկատենք, որ իսրայելցի զինվորականների խոսքերով՝ միայն վերջին 2 օրերի ընթացքում պաղեստինյան կողմից իրենց ուղղությամբ արձակվել է ավելի քան 80 հրթիռ, որոնցից մի մասը չեզոքացվել է իսրայելական «Երկաթե գմբեթ» (Iron Dome) հակօդային պաշտպանության համակարգով, որը նախատեսված է փոքր հեռահարության՝ մինչև 70 կմ հրթիռների համար, իսրայելական եռաստիճան հակահրթիռային պաշտպանության առաջին բաղադրիչն է է։

Բացի այդ, հաշվի առնելով սրված իրավիճակը՝ ՑԱՀԱԼ-ը հայտարարել է ՀՕՊ քաղաքացիական պաշտպանության պահեստազորի ավելի քան 100 անդամների, ինչպես և շտաբային աշխատակիցների մոբիլիզացիա։ Ավելին, կառավարությունը թույլատրել է ևս 1.5 հազար հոգու մոբիլիզացումը։

Հավելենք, որ Արաբական երկրների լիգան պահանջ է ներկայացրել ՄԱԿ-ին՝ անհապաղ ԱԽ նիստ գումարել։  Լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին հայտարարել է՝ ՄԱԿ-ը պարտավոր է քննադատել Իսրայելի՝ Գազային ուղղված ավիահարվածները՝ իր հերթին հաղորդելով 12 սպանված, 70 վիրավոր պաղեստինցիների մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *