Ուկրաինայի արտահանման վերահսկման պետական ծառայությունը ներկայացրել է 2013-ին երկրի արտահանած սպառազինության ու ռազմական տեխնիկայի ծավալը:
Ըստ ծառայության տվյալների՝ 2013-ին Ուկրաինան մասնավորապես Ադրբեջանին վաճառել է ԲՏՍ-5Բ (БТС-5Б) զրահապատ նորոգման-տարհանման մեքենաներ՝ այլ կերպ ասած՝ զրահապատ քարշակներ, որոնք նախատեսված են մարտի դաշտում շարքից դուրս եկած ծանր զրահատեխնիկայի քարշակման համար:
Ծառայությունը հայտնում է, որ քարշակների քանակը 11 միավոր է, սակայն չի հայտնում, թե որքան է եղել զենքի վաճառքի գինը:
ԲՏՍ-5Բ քարշակները դեռևս 1975 թվականին ԽՍՀՄ զինված ուժերի սպառազինության մեջ ընդգրկված ԲՌԷՄ-1 զրահապատ քարշակների ուկրաինական տարբերակներից մեկն է: Ի տարբերություն ԲՌԷՄ-1 քարշակի, որը նախագծվել ու սերիական արտադրության էր մտցվել, ԲՏՍ-5Բ քարշակը կառուցվում է Տ-72 տանկերի՝ սպառազինությունից դուրս բերվող շասսիների վրա:
Հիշեցնենք, որ Ռազմինֆոն ներկայացրել էր 1993-2013 թվականներին Ուկրաինայի՝ Ադրբեջանին վաճառած սպառազինության ու ռազմական տեխնիկայի ցուցակը, ըստ որի՝ ադրբեջանական զինված ուժերը ուկրաինական կողմից ԲՏՍ-5Բ քարշակներ գնել է նաև նախկինում: Մասնավորապես 4 միավոր քարշակ Ադրբեջանը գնել է 2007-ին, իսկ ևս 14 միավոր՝ 2012-ին:
ԲՏՍ-5Բ զրահապատ նորոգման-տարհանման մեքենաները նախատեսված են դաշտային պայմաններում ծանր զրահատեխնիկայի՝ հիմնականում տանկերի նորոգման, տեխնիկական սպասարկման ու քարշակման համար:
Մեքենայի վրա տեղադրված է 12 տոննա բեռնամբարձիչ ուժով կռունկ, իսկ քարշակման միջոցով մեքենան կարող է տեղափոխել մինչև 50 տոննա զանգվածով զրահատեխնիկա:
Ուկրաինական պետական ծառայության տվյալներով՝ ուկրաինական կողմը Ադրբեջանին վաճառել է նաև 3 միավոր ատրճանակներ, բայց դրանց մակնիշը չի հայտնվում:
Նշենք նաև, որ ուկրաինական ճգնաժամի պատճառով Ադրբեջանում տարակուսանք կար, որ ադրբեջանական կողմի պատվերներն Ուկրաինան կարող է չկատարել:
Ադրբեջանի կառավարությունից հայտնել են, որ ադրբեջանական կողմը վերջին շրջանում պատվիրել է ուկրաինական պետական «Ուկրօբորոնպրոմ» կոնցերնին՝ հիմնականում ռազմածովային ուժերում կիրառվող տեխնոլոգիաներ և ավիացիոն համակարգեր։ Ընդ որում՝ Ադրբեջանն արդեն կանխավճար է տվել դրանց համար։
Սակայն խնդիրն այն է, որ պատվերները պետք է իրականացնեն «Ուկրօբորոնպրոմի»՝ Ղրիմի տարածքում տեղակայված գործարանները։ Իրավիճակի պարզաբանում ստանալու նպատակով Ադրբեջանի կառավարությունն արդեն հայց է ուղարկել «Ուկրօբորոնպրոմին»։ Նկատենք, որ սույն թեմայի առնչությամբ պաշտոնական հայտարարություններ այս պահի դրությամբ չկան։