Ադրբեջանական կողմի կրակոցներից Չինարին նյութական վնաս է կրել. գյուղապետ

Երեկ՝ հուլիսի 9-ին՝ երեկոյան 21։30-ից 01։00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը կրկին կրակոցներ է արձակել ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի ուղղությամբ։ 

Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասել է Չինարիի գյուղապետ Սամվել Սողոյանը։ Նրա խոսքերով՝ կրակոցների հետևանքով վիրավորներ և զոհեր չկան, գյուղին հերթական անգամ նյութական վնաս է հասցվել։

«Փամփուշտներից վնասվել են գյուղացիների տների պատերը, կոտրվել են պատուհանները, վնասվել են տանիքները։ Գյուղի բնակիչներից մեկի տան սպասքն ու սառնարանն էլ են վնասվել»,-մանրամասնել է պարոն Սողոյանը։

Գյուղապետը նաև հավելել է, որ Չինարիի բնակիչները խուճապի չեն մատնվել, ավելորդ լարվածություն չկա, իսկ ներկա դրությամբ իրավիճակը հանգիստ է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *