Մեզ համար ցավոտ հարց է, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հարավային Ամերիկա այցի ընթացքում հարցազրույց է տվել արգենտինական Clarin պարբերականին, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Ռուսաստանի՝ Ադրբեջանին վաճառվող սպառազինության թեմային։

ՀՀ նախագահը նշել է, թե հայկական կողմը ցավոտ է ընդունում այն, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում։

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

Հարց – Անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանը սպառնում էր գրավել Երևանը, եթե Հայաստանը չվերադարձնի Արցախը։ Այժմ իրավիճակն ավելի մո՞տ է պատերազմի, թե՞ խաղաղության։

Ս.Ս. – Մենք չենք բացառում ռազմական գործողությունների վերսկսումը։ Սակայն կարծում եմ, որ Ադրբեջանը նման գործողության հնարավորություն չունի։ Նրանք իրոք շատ գումար են ծախսում սպառազինություն գնելու համար, սակայն դա նրանց հաղթանակ չի երաշխավորում։

Հարց  Հայաստանի ձգտումը՝ դանալու Մաքսային միության անդամ, որը ղեկավարում է Ռուսաստանը, պայմանավորվա՞ծ է հնարավոր ագրեսիայից Հայաստանի պաշտպանության համար ուժեղ դաշնակցի փնտրտուքով։

Ս.Ս. – Այն, որ մենք Ռուսաստանի հետ խորացնում ենք մեր հարաբերությունները, նոր փաստ չէ։ 20 տարի առաջ մենք մտել ենք ՀԱՊԿ և այս տարիներին ընթացքում Ռուսաստանի հետ համագործակցության տասնյակ պայմանագրեր ունենք։

Հարց  Ռուսաստանը վերջին շրջանում Ադրբեջանին 2 մլրդ դոլարի զենք է վաճառել…

Ս.Ս.  – Մեզ համար դա շատ ցավոտ թեմա է, և մեր ժողովուրդն անհանգստացած է այն փաստով, որ ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում Ադրբեջանին։ Վստահ եմ, որ Հայաստանն ունի բավարար ուժ և կարողություն, որպեսզի պաշտպանի իր սահմանները։ Չնայած նրան, որ Ռուսաստանը Բաքվին զենք է վաճառում, չեմ կասկածում, որ մեզ համար դժվարին պահին Ռուսաստանը կկատարի իր ստանձնած պարտավորությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *