Իտալական Alenia Aermacchi ընկերությունն Իսրայելին է փոխանցել առաջին երկու միավոր M-346 Master ուսումնամարտական ինքնաթիռները։
Պայմանագրով նախատեսված առաջին ինքնաթիռը հավաքել են իտալական Վենեգոնո քաղաքում, որտեղ na մարտի 20-ին ներկայացվել է, ապա հուլիսի 9-ին փոխանցվել իսրայելական օդուժին։
Ընդհանուր առմամբ, Իսրայելը պատվիրել է 30 միավոր M-346 ինքնաթիռ, որոնք ստացել են Lavi (Լավի, թարգմանաբար՝ առյուծ) անվանումը։
Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է 2012-ի կեսերին, իսկ գործարքի արժեքը կազմում է 600 մլն ամերիկյան դոլար։ Պայմանագրով իտալական կողմն էլ պարտավորվել է Իսրայելից նույն արժեքի չափով սարքեր, մասեր և տեխնիկա գնել։
M-346 ինքնաթիռներով նախատեսվում է փոխարինել Իսրայելի ռազմաօդային ուժերի Douglas TA4 Skyhawk ինքնաթիռները։
Alenia Aermacchi (Ալենիա Աերմակի) ընկերության M-346 Master ուսումնամարտական ինքնաթիռի առավելագույն արագությունն է 1050 կմ/ժ, իսկ թռիչքի հեռավորությունը՝ 1900 կմ։ Ունի 9 կախման կետ՝ մինչև 3 տոննա սպառազինության համար։ Առաջին թռիչքը կատարել է 2004 թվականին։
M-346 ինքնաթիռներ ունեն Իտալիայի և Սինգապուրի ռազմաօդային ուժերը։
M-346-ի ստեղծման աշխատանքներին մասնակցել է նաև ռուսաստանյան Յակովլևի գործարանը (Յակ-130 ինքնաթիռի լուծումներով), որը, սակայն, ընթացքում դուրս է եկել նախագծից։