Մահացել է Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի ստեղծողներից մեկը

Հյուսիսկորեական միջուկային ծրագրի հիմնադիրներից մեկը՝ գեներալ Չոն Բյոն Հոն, հուլիսի 8-ին մահացել է սրտամկանի ինֆարկտից 88 տարեկան հասակում։ 

Չոն Բյոն Հո

Չոն Բյոն Հո

Այս մասին հաղորդում է ամերիկյան ABC լրատվական գործակալությունը՝ հղում տալով  հյուսիսկորեական լրատվամիջոցներին։ Համաձայն դրանց՝ գեներալի հուղարկավորության արարողությունը կայացել է հուլիսի 9-ին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հայտնի է միայն, որ Չոն Բյոն Հոյի դերը միջուկային զենքի ստեղծման հարցում նշանակալից է եղել։ Հյուսիսային Կորեան միջուկային զենքի ստեղծման աշխատանքներ էր տանում դեռևս 1970-ականներից։ Սկզբնական շրջանում այս գործընթացում ներգրավված էին Չինաստանից ժամանած մասնագետները։ Փհենյանը պաշտոնապես հայտարարեց միջուկային զենք ունենալու մասին միայն 2005-ին, իսկ մեկ տարի անց արդեն առաջին փորձարկումն անցկացրեց։

Հավելենք, որ 2006-ից ի վեր Հյուսիսային Կորեան բազմիցս միջուկային փորձարկումներ է կազմակերպել իր տարածքում՝ զուգահեռաբար ստեղծելով և փորձարկելով նաև բալիստիկ հրթիռներ։ Ներկա դրությամբ ամերիկյան աղբյուրները շեշտում են՝ հյուսիսկորեական հրթիռների համար հասանելի գոտում են տեղակայված Ճապոնիայում և Հարավային Կորեայում ամերիկյան ռազմակայանները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *