Տանկային բիաթլոնին մասնակցող չինական տանկերի տեսակը հայտնի է դարձել

Երեկ՝ հուլիսի 8-ին, ռուս-չինական սահմանը հատել ու Ռուսաստան էին անցել Չինաստանի 4 տանկեր, որոնք պիտի մասնակցեն օգոստոսին կայանալիք Տանկային բիաթլոն-2014 միջազգային մրցույթին:

Այսօր արդեն ցանցում են հայտնվել տանկերի լուսանկարները, որոնցից պարզ է դառնում, որ դրանք չինական Type-96 հիմնական մարտական տանկեր են: Այս տանկերը Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի հիմնական տանկային ուժն են՝ նորագույն Type-99 տանկերի հետ միասին: Type-96 տանկերի տարբեր արդիականացմամբ տարբերակներից Չինաստանի զինված ուժերում առկա է 2500-ից 3000 միավոր:

Թեև Չինաստանը վաղուց հայտնել էր, որ մրցույթին մասնակցելու է սեփական տանկերով, սակայն մինչ այս Ռուսաստանն էլ, Չինաստանն էլ դեռ չէին հայտնում, թե կոնկրետ ինչ տանկեր են դրանք:

Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի Type-96 տանկը՝ երկաթուղով Ռուսաստան տեղափոխվելիս

Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի Type-96 տանկը՝ երկաթուղով Ռուսաստան տեղափոխվելիս

Չինական Type-96 տանկերը կարող են մրցակից լինել ռուսաստանյան արտադրության Տ-72Բ տանկերի հետ, որոնց նորագույն արդիականացված տարբերակով Ռուսաստանի ու ևս 10 երկրի տանկային անձնակազմեր մրցելու են բիաթլոնի ժամանակ:

Շուրջ 42,5 տոննա զանգվածով չինական տանկը համադրելի է գրեթե նույն զանգվածն ունեցող Տ-72Բ տանկերի հետ, որոնց զանգվածը տատանվում է 41-ից 44 տոննա տիրույթում՝ կախված արդիականացման տարբերակից: Արագությամբ երկու տանկերը գրեթե հավասար են, չինական Type-96 տանկը խճուղում զարգանում է մինչև 65 կմ/ժ, իսկ կտրատված տեղանքում՝ մինչև 40 կմ/ժ արագություն: Ռուսաստանյան Տ-72 տանկը խճուղում զարգացնում է մինչև 60կմ/ժ, կտրատված տեղանքում՝ մինչև 35 կմ/ժ արագություն:

Խոչընդոտների հաղթահարման տեսանկյունից նույնպես երկու տանկերը գրեթե հավասար են. տանկերը երկուսն էլ հաղթահարում են մինչև 30 աստիճան անկյամբ վերելքներ ու մինչև 0,85 մետր բարձրությամբ պատեր: Չինական տանկը հաղթահարում է մինչև 2,7 մետր լայնությամբ խրամ, ռուսաստանյանը՝ մինչև 2,8 մետր: Փոխարենը չինական Type-96-ը հաղթահարում է մինչև 1,4 մետր խորությամբ ծանծաղուտ, իսկ ռուսաստանյան Տ-72-ը՝ 1,2 խորությամբ:

Բացի Չինաստանից, սեփական տանկերով մրցմանը մասնակցելու է նաև Քուվեյթի անձնակազմը, թեև Քուվեյթն էլ չի հայտնում, թե ինչ տանկերով է մասնակցելու մրցույթին: Իսկ մյուս երկրների թիմերը մրցմանը կմասնակցեն Ռուսաստանի տրամադրած Տ-72 տանկերի նորագույն արդիականացմամբ, որը ներկայացվել է Ռուսաստանի համաբանակային տանկային բիաթլոնի նախօրեին:

Հիշեցնենք, որ տանկային բիաթլոնի միջազգային առաջին մրցույթը անցկացվել է 2013-ին ռուսաստանյան Ալաբինո զորավարժարանում։ Ընդ որում՝ անցյալ տարի ՀՀ ԶՈւ տանկային անձնակազմը նույնպես մասնակցել է Ռուսաստանում անցկացված տանկային բիաթլոնի միջազգային մրցումներին։

Օլիմպիական բիաթլոն մարզաձևի նմանությամբ տանկային երկամարտը (բիաթլոնը) կազմված է երկու մասից։ Առաջին մասը ենթադրում է երեք երթային շրջանների կատարում, որի ընթացքում տանկերը հաղթահարում են նաև տարբեր արգելքներ, որոնց թվում՝ խրամ, էսկարպ, կամուրջ և այլն։

Մյուս մասը մարտական կրակն է՝ տանկի բոլոր կրակային միջոցներով, ընդ որում թնդանոթից կրակում են և´ ընթացքից, և´ կանգնած վիճակից։ Կրակի ժամանակ վրիպելու դեպքում տանկերը կատարում են լրացուցիչ տուգանային շրջաններ։

2 responses to “Տանկային բիաթլոնին մասնակցող չինական տանկերի տեսակը հայտնի է դարձել

  1. Pingback: Հայտնի է Տանկային բիաթլոն-2014-ի ժամանակացույցը | Ռազմ.info

  2. Pingback: Այն ամենը, ինչ պետք է իմանալ տանկային բիաթլոնի մասին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *