Պաղեստինյան կողմը հրթիռ է արձակել Գազայի հատվածից Թել-Ավիվի ուղղությամբ։ Իսրայելական կողմի վկայությամբ՝ իրենց ՀՕՊ համակարգը չեզոքացրել է հրթիռը։
Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, հղում տալով պաղեստինյան աղբյուրներին, միևնույն ժամանակ հայտնի է դարձել՝ Իսրայելի՝ Գազայի հատվածի պաղեստինցի բնակչության դեմ սկսած գործողության հետևանքով արդեն սպանվել է առնվազն 6 հոգի։ Նրանց մահվան պատճառն իսրայելական օդուժի հարվածներն են Գազայի հյուսիսային հատվածին։ Ընդ որում, ըստ նույն աղբյուրի՝ սպանվածների շարքում են «Իսլամական ջիհադ» իսլամիստական խմբավորման առաջնորդներից մեկը՝ Հաֆեզ Համադը, նրա ծնողները, 2 եղբայրներն ու անհայտ մի կին։
Հավելենք, որ Արաբական երկրների լիգան պահանջ է ներկայացրել ՄԱԿ-ին՝ անհապաղ ԱԽ նիստ գումարել։ Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին հայտարարել է՝ ՄԱԿ-ը պարտավոր է քննադատել Իսրայելի՝ Գազային ուղղված ավիահարվածները՝ իր հերթին հաղորդելով 12 սպանված, 70 վիրավոր պաղեստինցիների մասին։
Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Պատճառը, ըստ իսրայելական կողմի, Գազայի հատվածից իրենց ուղղված հրթիռային չդադարեցվող հարվածներն են։
Նկատենք, որ իսրայելցի զինվորականների խոսքերով՝ միայն վերջին 2 օրերի ընթացքում պաղեստինյան կողմից իրենց ուղղությամբ արձակվել է ավելի քան 80 հրթիռ, որոնցից մի մասը չեզոքացվել է իսրայելական «Երկաթե գմբեթ» (Iron Dome) հակօդային պաշտպանության համակարգով, որը նախատեսված է փոքր հեռահարության՝ մինչև 70 կմ հրթիռների համար, իսրայելական եռաստիճան հակահրթիռային պաշտպանության առաջին բաղադրիչն է է։
Բացի այդ, հաշվի առնելով սրված իրավիճակը՝ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀՕՊ քաղաքացիական պաշտպանության պահեստազորի ավելի քան 100 անդամների, ինչպես և շտաբային աշխատակիցների մոբիլիզացիա։ Ավելին, կառավարությունը թույլատրել է ևս 1.5 հազար հոգու մոբիլիզացումը։