Լեհաստանը ցանկանում է արագացված կարգով փոխարինել իր օդուժի Մի-24 ուղղաթիռները

Լեհաստանի սպառազինության տեսչությունը հայտարարել է հատուկ ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակներում պետք է որոշվի, թե ինչ ուղղաթիռներով են փոխարինվելու ներկայումս երկրի ռազմաօդային ուժերում շահագործվող Մի-24 հարվածային ուղղաթիռները։ Այս մասին հայտնում է լեհաստանյան Defense24 ռազմական լրատվակայքը։

Մի-24 հարվածային ուղղաթիռներ. Լեհաստանի ՌՕՈւ

Մի-24 հարվածային ուղղաթիռներ. Լեհաստանի ՌՕՈւ

Լեհական կողմը մինչև 2014-ի օգոստոսի 1-ը մրցույթին մասնակցելու հրավերներ կուղարկի օտարերկրյա ուղղաթիռաշինական ընկերություններին։

Սպառազինության տեսչությունը վերլուծելով միջազգային շուկան կսահմանի մարտավարատեխնիկական այն տվյալները, որոնք կպահանջվեն նոր ուղղաթիռից, որին զուգահեռ կընդունվեն մրցութային հայտեր մասնակից ընկերություններից։ Ի սկզբանե նախատեսովում էր Մի-24 հարվածային ուղղաթիռները փոխարինել մինչև 2020-ը, սակայն ուկրաինական ճգնաժամը ստիպել է առաջ բերել ժամանակացույցը։

Ակնկալվում է, որ Լեհաստանին սպառազինելու համար պայքարը կընթանա հիմնականում Իտալիայի, Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև, որոնք կառաջարկեն համապատասխանաբար AW129 Mangusta, T-129 ATAK և AH-64E Apache ուղղաթիռները։ Մրցույթին չի բացառվում նաև եվրոպական Էյրբաս կոնցերնի մասնակցությունն՝ իր Tiger ուղղաթիռով։

Հիշեցնենք, որ Լեհաստանում ներկայումս ընթանում է սպառազինության արդիականացման ակտիվ շրջան, որը մեկնարկել է 2009-ին ու տևելու է մինչև 2018-ը։ Այս նպատակով կառավարությունը 9 տարվա կտրվածքով նախատեսում է հատկացնել ընդհանուր առմամբ գրեթե 10 միլիարդ ամերիկյան դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *