ՌԴ օդադեսանտային զորքերը նոր դեսանտի մարտական մեքենաներ են փորձարկում

ՌԴ ԶՈւ օդադեսանտային ուժերի՝ Տուլայում (Մոսկվայից հարավ) տեղակայված միավորումը ստացել է 8 միավոր նոր ԲՄԴ-4Մ դեսանտի մարտական մեքենաների խմբաքանակ՝ փորձարկումների համար: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Փորձարկումներն օդադեսանտային զորքերում իրականացնելու են հենց հաստիքային զինծառայողները՝ մեքենաներն արտադրող ընկերության մասնագետների հսկողությամբ, որպեսզի նախագծողները հետագայում կարողանան շտկել փորձարկող զինծառայողների հայտնաբերած թերությունները:

Ռուսաստանյան ԲՄԴ-4Մ դեսանտի մարտական մեքենա

Ռուսաստանյան ԲՄԴ-4Մ դեսանտի մարտական մեքենա

Նախատեսված է, որ փորձարկումներից հետո ԲՄԴ-4Մ դեսանտի մարտական մեքենաները ներգրավվելու են սերիական արտադրության, իսկ արդեն 2015-ից սկսած արտադրողը դրանք մատակարարելու է Ռուսաստանի օդադեսանտային զորքերին:

Մինչ այս, սակայն, հայտնի չէր, թե քանի միավոր ԲՄԴ-4Մ մեքենաներ կընդգրկվեին փորձարկումներում։ Պատճառն այն է, որ դեռևս 2013-ի սկզբին Ռուսաստանի ԶՈւ-ն մեքենաների արտադրող «Կուրգանմաշզավոդի» հետ պայմանագիր էր կնքել, որի համաձայն՝ արտադրողը մինչև 2013-ի նոյեմբեր ՌԴ ԶՈւ օդադեսանտային ուժերին պիտի տրամադրեր 10 միավոր մեքենաներ։ Պայմանագրի արժեքը շուրջ 18.5 մլն ԱՄՆ դոլար էր։ Սակայն որոշ դետալներ արտադրող ընկերությունները թերացել էին աշխատանքում, ու արդեն 2013-ի հուլիսին հայտնի դարձավ, որ պայմանագրի կատարումը կուշանա, ու ՌԴ ԶՈւ-ն նախատեսվածից քիչ ԲՄԴ-4Մ զրահամեքենաներ կստանա։

ԲՄԴ-4Մ դեսանտի մարտական մեքենան ԲՄԴ-4-ի արդիականացումն է, այն նախատեսված է օդադեսանտային ուժերի տեղափոխման, սպառազինության ու պաշտպանվածության մեծացման համար։ Հատկանշական է այն, որ ԲՄԴ-4Մ-ի դետալները հնարավորինս նմանեցված են ՌԴ ԶՈւ սպառազինության մեջ մտնող ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենայի հետ, ինչը թույլ է տալիս զգալիորեն գումար խնայել դետալների արտադրության մեջ, փոխլրացնել միմյանց մարտում, ինչպես նաև հեշտացնել մեքենաների վերանորոգումը նաև դաշտային պայմաններում։

Մեքենան անձնակազմը պաշտպանում է փամփուշտներից ու բեկորներից։ Աշտարակի վրա տեղադրված է «Բախչա-Ու» մարտական հանգույց, որից տեղադրված է նաև ԲՄՊ-2 մեքենայի որոշ արդիականացումների վրա։ Մարտական հանգույցի վրա տեղադրված են 100 մմ թնդանոթ, 30 մմ ավտոմատ թնդանոթ, ինչպես նաև թնդանոթներին կցված 7.62 մմ գնդացիր։ Մեքենայի վրա տեղադրված է նաև հակատանկային կառավարվող հրթիռների «Առկան» արձակման կայան՝ 4 հրթիռներով։

One response to “ՌԴ օդադեսանտային զորքերը նոր դեսանտի մարտական մեքենաներ են փորձարկում

  1. Pingback: Դեսատնավորման փորձարկումներ է անցել ռուսաստանյան ԲՄԴ-4Մ դեսանտի մարտական մեքենան | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *