Չինաստանը 4 տանկ է ուղարկել Ռուսաստան՝ տանկային բիաթլոնին մասնակցելու

Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի 9 զինծառայողներ, չորս տանկերի ու տեխնիկական ապահովման երկու մեքենաների ուղեկցությամբ, անցել են Ռուսաստան, որտեղ օգոստոսին կմասնակցեն Տանկային բիաթլոն-2014 միջազգային մրցույթին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Չինաստանցի զինծառայողները՝ տանկերի ու մեքենաների հետ միասին, երկաթուղով շուրջ 6500 կմ կանցնեն, որպեսզի մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանում պատրաստվեն օգոստոսին կայանալիք Տանկային բիաթլոն-2014 մրցույթին:

Չինաստանի նոր Type-99G հիմնական մարտական տանկը

Չինաստանի նոր Type-99G հիմնական մարտական տանկը

Թեև Չինաստանը վաղուց հայտնել էր, որ մրցույթին մասնակցելու է սեփական տանկերով, սակայն մինչև հիմա Ռուսաստանն էլ, Չինաստանն էլ դեռ չեն հայտնում, թե կոնկրետ ինչ տանկեր են դրանք:

Նշենք, որ 2014-ի միջազգային տանկային բիաթլոնի մրցումներին, բացի Ռուսաստանից ու Չինաստանից, կմասնակցեն նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Անգոլայի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Մոնղոլիայի, Սերբիայի ու Քուվեյթի, ինչպես նաև Հայաստանի, ընդհանուր առմամբ՝ 13 երկրների լավագույն տանկային անձնակազմեր, իսկ ևս 22 պետություն կմասնակցի դիտորդների մակարդակով:

Բացի Չինաստանից, սեփական տանկերով մրցմանը մասնակցելու է նաև Քուվեյթի անձնակազմը, իսկ մյուս թիմերը մրցմանը կմասնակցեն Ռուսաստանի տրամադրած Տ-72 տանկերի նորագույն արդիականացմամբ, որը ներկայացվել է Ռուսաստանի համաբանակային տանկային բիաթլոնի նախօրեին:

Հիշեցնենք, որ տանկային բիաթլոնի միջազգային առաջին մրցույթը անցկացվել է 2013-ին ռուսաստանյան Ալաբինո զորավարժարանում։ Ընդ որում՝ անցյալ տարի ՀՀ ԶՈւ տանկային անձնակազմը նույնպես մասնակցել է Ռուսաստանում անցկացված տանկային բիաթլոնի միջազգային մրցումներին։

Օլիմպիական բիաթլոն մարզաձևի նմանությամբ տանկային երկամարտը (բիաթլոնը) կազմված է երկու մասից։ Առաջին մասը ենթադրում է երեք երթային շրջանների կատարում, որի ընթացքում տանկերը հաղթահարում են նաև տարբեր արգելքներ, որոնց թվում՝ խրամ, էսկարպ, կամուրջ և այլն։

Մյուս մասը մարտական կրակն է՝ տանկի բոլոր կրակային միջոցներով, ընդ որում թնդանոթից կրակում են և´ ընթացքից, և´ կանգնած վիճակից։ Կրակի ժամանակ վրիպելու դեպքում տանկերը կատարում են լրացուցիչ տուգանային շրջաններ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *