BAE Systems բրիտանական պաշտպանական ընկերության փորձագետները համոզված են՝ 2040 թվականին արդեն իսկ անօդաչու թռչող սարքերը հնարավոր կլինի տպել 3D՝ եռաչափ տպիչով, ընդ որում՝ անմիջապես մեկ այլ թռչող սարքի, մասնավորապես՝ ինքնաթիռի ներսում։
Ընկերության կայքում տեղ է գտել հաղորդագրություն, որի համաձայն համանման տպիչի հետ միասին 30 տարի անց ի հայտ են գալու կարևոր նշանակության շատ այլ տեխնոլոգիաներ։ Դրանց թվում է լազերային զենքը, որն ունակ է լինելու շատ մեծ արագությամբ խոցել հակառակորդի հրթիռները։
Ուշագրավ է նաև հատուկ սոսնձի գաղափարը, որը կրելու է Survivor անունը և լցվելով անօդաչուի մեջ՝ հնարավորություն է տալու հաշված րոպեներում նույնիսկ թռիչքի ժամանակ վերացնել բոլոր վնասվածքները։
Ըստ այդմ էլ, համաձայն մասնագետների, այս բոլոր տեխնոլոգիաների շնորհիվ անգամ ամենավտանգավոր և անհավանական թվացող գործողությունները կարելի է կյանքի կոչել։
Հավելենք՝ BAE-ն չի բացառում այսպես կոչված «տրանսֆորմերների» ի հայտ գալը ևս։ Դրանք ունակ են լինելու թռիչքի ժամանակ բաժանվել մի քանի՝ չափերով ավելի փոքր ինքնաթիռների, որոնցից ամեն մեկն առանձին խնդիր է կատարելու. օրինակ՝ տարբեր ուղղություններով մարդասիրական օգնության հասցնում։ Դա նաև թույլ կտա կազմավորել հեշտ կառավարվող ինքնաթիռների մի խումբ՝ գերակա թռչող սարքով։ Այն կկարողանա անկանխատեսելի պայմաններում համապատասխան սցենարով գործել, իսկ մյուս ինքնաթիռներն էլ ունակ կլինեն միավորվել՝ ստեղծելով համասեռ զանգված, ավելացնելով թռիչքի հեռավորությունն ու վառելիք խնայելով։