«Ճանաչենք մեր հերոսներին» սոցիալական հոլովակների շարքը վերջերս մեծ արձագանք գտավ համացանցում։ Ռազմինֆոն զրուցել է հոլովակների հեղինակ «Աշխարհազոր» ՀԿ-ի նախագահ Րաֆֆի Գևորգյանի հետ։
—Րաֆֆի´, հոլովակների ստեղծման պատճառների մասին խոսենք։
«Ճանաչենք մեր հերոսներին» հոլովակների շարքը պատրաստել ենք ՀՀ նախագահի դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։ Այս սոցիալական հոլովակներ նկարելու դրդապատճառն այն մտահոգությունն էր, որ հասարակության շրջանում՝ հատկապես երիտասարդների մոտ, մեր հերոսները լայն ճանաչում չունեն: Իսկ դա փաստվեց մեր անցկացրած սոցհարցմամբ։ Նախապես մշակել էինք հարցատոմս, ապրիլ-մայիս ամիսներին հարցումներ էինք իրականացնում հիմնականում բարձրագույնավարտ երիտասարդների հետ, բայց արդյունքն առավել քան մտահոգիչ էր, քանի որ երիտասարդները մեր հերոսներին չեն ճանաչում նույնիսկ նկարով։ Հիմնականում ճանաչում էին Ազգային հերոսներին, այն էլ՝ մասնակի։
Սոցիալական հոլովակի ֆորմատով հնարավոր չէ նրանց արժանին մատուցել, սա ուղղակի միջոց է նրանց մասին բարձրաձայնելու։
—Այս պահին քանի՞ հոլովակ է տեղադրված համացանցում, ու աշխատանքային ինչ փուլում եք հիմա։
Առաջին 30 տեսահոլովակն է պատրաստվել, կարծում եմ նաև շարքը հետագայում կշարունակվի։ Մենք բազմաթիվ հերոսներ ունենք ու 30-ը շատ քիչ թիվ է։ Իսկ այժմ հասարակությունը պիտի դեռ մարսի ու ճանաչի այսքանին։
—Կպատմե՞ք, թե ինչու սկսեցիք այս հերոսներից, ինչո՞ւ հենց նրանցով։
Պետք էր ինչ-որ կետից սկսել, և որպես մեկնակետ ընտրեցինք այն հերոսներին, ովքեր զոհվել են և հետմահու արժանացել ՀՀ Մարտական Խաչ առաջին աստիճանի շքանշանի։ Զուտ սիմվոլիկ մեկնակետ է եղել, որովհետև շքանշանով կամ մեդալով չի, որ պիտի գնահատվեն։ Ազգային հերոսները դասագրքերում կան, զորամասերում, իսկ ահա մյուս հերոսները տարածում չունեն։ 30 կենսագրություն վերցրինք ու նրանց համար պատրաստեցինք այս հոլովակները։
—Հոլովակները սկսվում են «Երազ իմ երկիր»։ Հոլովակում օգտագործված սիմվոլիկայի մասին ի՞նչ կասեք։
Հոլովակներ ստեղծելու գաղափարը մեր ընկերներից մեկն է առաջարկել՝ Գոհարն Իսկանդարյան։ Միշտ ինքը մտահոգված ասում էր, որ շատ կուզենար նման հոլովակներ լինեին։ Հոլովակները պատրաստել է «Ordfilm» ընկերությունը, իսկ հոլովակում դուք լսում եք «Երազ իմ երկիր» երգի նոր գործիքավորումը։ Ընտրված ծառը մենավոր ու սիմվոլիկ է, շատ ճյուղեր ունի, որտեղ տեղ կգտնեն մեր բոլոր հերոսների նկարները։ Այդ ծառը փառքի ու հիշողության ծառն է։ Լուսավոր ենք փորձել ստանալ հոլովակները։ Պրոֆեսիոնալ թիմ է աշխատել, ու թեև մի 10 օր է, ինչ սկսել ենք տարածել, բայց բավական դիտումներ կան։
—Ինչպե՞ս են տարածվում հոլովակները, որտե՞ղ կարող է հասարակությունը դրանք դիտել։
Հոլովակները տեղադրված են համացանցում յութուբյան մեր ալիքում։ Հետաքրքիր է, որ առաջինն արձագանքել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը, իրենք իրենց եթերում անոնսների արանքում օրվա տարբեր ժամերի ցուցադրում են հոլովակները։ Կարծում եմ՝ հետագայում մյուս հեռուստաընկերությունները նույնպես կցուցադրեն՝ անվճար հիմունքներով, քանի որ դրա համար բյուջե նախատեսված չէ։ Շատ կարևոր է, որ սերունդն ունենա իր հերոսը։ Մենք ընտրել ենք 1 րոպեն չգերազանցող չափը։ Քանի որ այդ չափում կարողանում ենք նրանց կենսագրական տվյալներին ու առաջին կարևոր տեղեկությունը հաղորդել։
—Հնարավո՞ր է որ երաժշտությունը կամ գրաֆիկան փոխվեն։
Չեմ կարծում, քանի որ չենք ուզում տարբերություն մտցնել։ Թերևս հիմնական դժվարությունը տեղեկատվության ու նկարների պակասն է։ Որակյալ նկարներ գտնելն է շատ դժվար, որոշ դեպքերում կան այդպիսի նկարներ, որոնք շատ վատ որակի են։ Միայն տեխնիկական խնդիրներ ենք ունենում։
—Անդրադառնանք արձագանքներին։ Հասարակության ո՞ր հատվածին այն ամենից շատ հետաքրքրեց։
Արձագանքները ստանում ենք համացանցի միջոցով ու ասեմ, որ բավական դրական էին։ Արձագանքում են երիտասարդները։ Թող որ խաղաղություն լինի, բայց մեր ազգը, մեր երիտասարդները շարունակեն հերոսներ ունենալ նույնքան հզոր, որքան տասնամյակներ առաջ։ Ուղղակի պատկերն այսքան մտահոգիչ չլինի։
—Ինչ-որ բան կավելացնե՞ք։
Շնորհակալություն Մարտական պատրաստության ակումբի երիտասարդներին, քանի որ նրանք անմիջական դերակատարություն ունեն տարածման, ճանաչման գործում։
Բոլոր հոլովակներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Զրուցեց՝ Հասմիկ Մելիքսեթյանը
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հուլիսի 6-12 | Ռազմ.info