Գերմանիան որոշել է այսուհետ ոչ թե գնել, այլ վարձակալել անօդաչուներ

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է հրաժարվել նոր անօդաչու թռչող սարքերի գնումից, քանի որ, ըստ գերմանացի զինվորականների, շատ ավելի շահավետ է անօդաչուները վարձակալել։

Heron ԱԹՍ, Գերմանիա

Heron ԱԹՍ, Գերմանիա

Ինչպես հաղորդում է «Ջեյնս» ռազմական վերլուծական հանդեսը, այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Նրա խոսքերով՝ վարձակալումը՝ լիզինգը, հնարավորություն կընձեռի խուսափել արտոնագրության անհրաժեշտությունից, բացի այդ էլ վարձակալելու դեպքում հնարավոր է ընտրել հենց այնպիսի անօդաչուներ, որոնք կոնկրետ այդ պահին ծագած խնդրի համար են հարկավոր։ Օրինակ՝ հարվածներ հասցնելու նպատակով հնարավոր է վարձակալել միայն հարվածային անօդաչուներ անհրաժեշտ քանակով։

Նկատենք, որ որպես ԱԹՍ-ի անհաջող գնման փորձ՝ Գերմանիայի պաշտպանության նախարարը ներկայացրել է ամերիկյան արտադրության RQ-4E EuroHawk ռազմավարական ԱԹՍ-ի ձեռքբերման փորձը։ 2013-ին սույն նախագիծը թանկացել է 600 միլիոն եվրոյով (815.7 միլիոն ԱՄՆ դոլար)՝ եվրոպական արտոնագրում անցնելու անհրաժեշտությունից ելնելով։ Այդ արտոնագրումը թույլ է տալիս անարգել թռիչքներ կատարել Եվրոպայի օդային տարածքում։ Արդյունքում գերմանացիները հրաժարվեցին այս գործարքից։
Այդուհանդերձ, ակնկալվում է, որ անօդաչուների վարձակալումը կլինի ժամանակավոր լուծում, և մի քանի տարի անց Գերմանիայի ՊՆ-ն կվերականգնի ԱԹՍ-ների գնման իր նախագծերը։

Հավելենք, որ ներկայումս Գերմանիան ունի իսրայելական արտադրության IAI Heron անօդաչու թռչող սարքեր։ Նման անօդաչուները գերմանացի զինվորականները գործարկում են հիմնականում Աֆղանստանի տարածքում։ Ներկա դրությամբ Գերմանիան չունի հարվածային ԱԹՍ-ներ, սակայն ՊՆ-ի համապատասխան պահանջի դեպքում եղած անօդաչուների վրա հնարավոր է սպառազինություն ամրացնել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *