Լեհաստանի զինված ուժերում հին նմուշի ատրճանակները կփոխարինեն նոր նախագծման PR-15 Ragun-ով

Հրազենի արտադրությունում մասնագիտացող լեհական Fabryka Broni Radom ընկերությունը 2014-ի հուլիսի 1-ին պաշտպանության նախարարությանը պաշտոնապես ներկայացրել է այն ատրճանակը, որով զինված ուժերի սպայակազմը կհամալրվի մինչև 2022 թվականը։ Նոր նախագծման PR-15 Ragun ատրճանակը կմատակարարվի զինված ուժերին շուրջ 14 000 օրինակով։ Այս մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը։

Լեհական PR-15 Ragun ատրճանակը

Լեհական PR-15 Ragun ատրճանակը

Հարկ է նշել, որ PR-15 Ragun-ը կփոխարինի Լեհաստանի զինված ուժերում տևական ժամանակ օգտագործվող P-64 CZAK և P-83 Wanad ատրճանակները։

Fabryka Broni Radom ընկերության ղեկավար Տոմաշ Նիտի խոսքերով, PR-15-ը միակ զինատեսակը չէ, որի մատակարարման շուրջ պաշտպանության նախարարության հետ կա կնքված խոշոր պայմանագիր։ Մինչև 2022-ը ատրճանակների հետ մեկտեղ զինված ուժերը կհամալրվեն նաև 14 000 հատ լեհական MSBS ինքնաձիգով և դրանց համար նախատեսված շուրջ 2 500 հատ ենթափողային նռնականետով։

Նշենք, որ դեռևս 2011-ին էր հայտնի դարձել, որ Լեհաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է փոխարինել զինված ուժերում կիրառվող հին ատրճանակներն ու այդ նպատակով հայտարարել էր 9 մմ-անոց փամփուշտներով կրակող ատրճանակի 21 000-անոց խմբաքանակի մրցույթ:

Հավելենք, որ Լեհաստանում ներկայումս ընթանում է սպառազինության արդիականացման ակտիվ շրջան, որը մեկնարկել է 2009-ին ու տևելու է մինչև 2018-ը։ Այս նպատակով կառավարությունը 9 տարվա կտրվածքով նախատեսում է հատկացնել ընդհանուր առմամբ գրեթե 10 միլիարդ ամերիկյան դոլար։

Տեղեկացնենք նաև, որ լեհական արտադրության PR-15 Ragun ատրճանակի փամփշտակալը տեղավորում է 9 մմ-անոց 15 փամփուշտ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *