Վիետնամական զինված ուժերի Մի-171 ուղղաթիռը, որ տեղափոխում էր 21 զինծառայողների, վայր է ընկել Վիետնամի մայրաքաղաք Հանոյի մոտակայքում՝ չկարողանալով հասնել մոտակայքում գտնվող օդանավակայան:
Անկումից անմիջապես հետո ուղղաթիռը պայթել է, ինչի պատճառով տեղափոխվող 21 զինծառայողներից 16-ը մահացել են, իսկ մյուս հինգը՝ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հայտնում է բրիտանական BBC-ն՝ հղում անելով Վիետնամի իշխանությունների պաշտոնական հաղորդագրություններին:
Զինված ուժերի ուղղաթիռն, ըստ հաղոդագրության, զինծառայողներին տեղափոխելիս է եղել զորավարժության, որտեղ նրանք պիտի պարաշյուտներից թռիչքներ կատարեին: Սակայն, ըստ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վո վան Տուանի, ուղղաթիռն ընկել է տեխնիկական խնդիրների պատճառով:
Պատահարի ականատեսների վկայությամբ՝ ընկնելուց առաջ ուղղաթիռն անկանոն հետագծով է շարժվել, իսկ օդաչուն հավանաբար փորձել է ուղղաթիռն իջեցնել բնակելի տներից ավելի հեռու ու ուղղաթիռի ուղղությունը կարողացել է փոխել դեպի ոչ բնակելի տարածք:
Ուղղաթիռը ցածր է թռչել ու ընկնելուց անմիջապես հետո պայթել է: Առայժմ տեղեկություններ չկան քաղաքացիական բնակչության շրջանում հնարավոր տուժողների մասին: