Այս տարվա մայիսին Թուրքիայի զինված ուժերին փոխանցված առաջին A400M բեռնատար ինքնաթիռն իր առաջին արտասահմանյան թռիչք է կատարել։
Հուլիսի 2-ին թուրքական A400M-ն ուղեկցել է ցուցադրական թռիչքների համար Մեծ Բրիտանիա թռչող «Սոլոթուրք» ավիացիոն խմբին։
Հուլիսի 4-ին Թուրքիա վերադառնալիս ինքնաթիռը վայրէջք է կատարել Լյուքսեմբուրգում, որտեղից Թուրքիա է տեղափոխել շուրջ 20 տոննա բեռ։ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը չի մանրամասնում, թե ինչ տեսակ բեռ է տեղափոխել ռազմական ինքնաթիռը։
Առաջին A400M ինքնաթիռը վերջնականապես Թուրքիային հանձնելու համար ապրիլի 4-ին հայտարարել է Airbus Group ընկերությունը։ Ինքնաթիռը թուրքական կողմին էր փոխանցվել իսպանական Սևիլիա քաղաքում և այն Թուրքիա էր ժամանել ապրիլի 16-ին։ Թուրքիան պաշտոնապես ներկայացրել է իր առաջին A400M բեռնատար ինքնաթիռը Կայսերիում (Կեսարիայում) մայիսի 12-ին կայացած հանդիսավոր արարողությանը։
Նշենք, որ Թուրքիան երկար ժամանակ հրաժարվում էր ընդունել բեռնատար ինքնաթիռը։ Այս տարվա փետրվարին Airbus Group-ի գործադիր տնօրեն Թոմաս Էնդերսը հայտարարել էր, թե Թուրքիային տրամադրվել է նույն ինքնաթիռից, ինչ և Ֆրանսիայի զինված ուժերին, որն անմիջապես սկսել են շահագործել այն։ Էնդերսի խոսքերով՝ Թուրքիայի՝ ինքնաթիռն ընդունելու հետ կապված խնդիրներ առաջացնելն անընդունելի է։
Ավելի ուշ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Թուրքիայի ռազմարդյունաբերության քարտուղարության արդեն նախկին ղեկավար Մուրադ Բայարը, ով պահանջել է Airbus Group-ից կատարել կնքված պայմանագրի բոլոր կետերը, ինչպես նաև հավելել, որ իրենք պատրաստվում են տուգանել ընկերությանն առաջին ինքնաթիռի ուշացման համար։
Կողմերը չեն մանրամասնել, թե ինչն է A400M-ի վերջնական հանձնմանը խանգարում։ Airbus-ը վերջնական փորձարկումների համար A400M ինքնաթիռը Թուրքիային էր տրամադրել դեռևս 2013-ի դեկտեմբերին։ Փորձարկումների ժամանակ հայտնի էր դարձել, որ ի հայտ են եկել որոշակի խնդիրներ, սակայն չէին հստակեցվում, թե ինչ տեսակի։
Համաձայնության գալուց հետո էլ հայտնի չէ, թե ինչ խնդիրներ են ունեցել կողմերը։
Թուրքիայի զինված ուժերն ընդհանուր ստանալու է 10 միավոր նորագույն ինքնաթիռներից, ինչի համար վճարելու է 1,5 մլրդ ամերիկյան դոլար։ Սպասվում է, որ A400M-երը Թուրքիային կփոխանցվեն առաջիկա 4 տարիների ընթացքում։
Թուրքական առաջին A400M-ը տեղակայվել է Կայսերիի (Կեսարիա) 221-րդ ավիաբազայում։ Այն ստացել է հայտնի թուրք ըմբիշ Քոջա Յուսուֆի անունը։
Նշենք, որ եվրոպական Airbus Military ընկերության արտադրած A400M Atlas բեռնատար ինքնաթիռն ունակ է տեղափոխել մինչև 37 տոննա բեռ կամ 116 մարդ, ինչպես նաև կարող է օդում լիցքավորել կործանիչներ և այլ ինքնաթիռներ։ Այն կարող է զարգացնել մինչև 790 կմ/ժ արագություն, թռիչքներ կատարել 9,3 հազար կմ հեռավորության վրա։
A400M ինքնաթիռների ստեղծման գործընթացը սկսվել է 2000-ականների սկզբին: Առաջին թռիչքը կատարել է 2009 թվականին։ Մեկ միավոր ինքնաթիռի մոտավոր արժեքն է 136 մլն եվրո։
Ինքնաթիռի ստեղծման աշխատանքներին և ֆինանսավորմանը մասնակցել են Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Լյուքսեմբուրգը, Բելգիան, Մալայզիան, ինչպես նաև Թուրքիան, որոնք էլ նախատեսում են ստանալ ընդհանուր 174 միավոր A400M:
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հուլիսի 6-12 | Ռազմ.info