Իրադրությունն Իրաքում. թարմացվող լրահոս. հուլիսի 7

Իրաքի զինված ուժերի և «Իրաքի և Լևանտի (Ասորիքի) իսլամական պետություն» իսլամիստական (սուննի ուղղության) կազմակերպության միջև մարտերը փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։

Սիրիայում հաջող գործողություններից հետո ԻԼԻՊ-ն այժմ էլ ակտիվացել է Իրաքում՝ գրավելով այդ երկրի երկրորդ խոշոր քաղաքը՝ Մոսուլն ու փորձելով առաջանալ մայրաքաղաք Բաղդադի ուղղությամբ։

Վերջին օրերին իրաքյան զինուժը փորձում է ազատել Տիգրիտը զինյալների վերահսկողությունից։

Իրաքում զարգացումներին օպերատիվ հետևելու համար առաջարկում ենք թարմացվող լրահոսը.

15։00- Համացանցում տարածված լուսանկարում երևում են իրաքցի զինծառայողները, ովքեր կանգնած են իրանական արտադրության «Սաֆիր» ամենագնացի մոտ։ Ավելի վաղ ևս խոսվում էր, որ Իրանն Իրաքին է տրամադրել «Սաֆիր» ամենագնացներ՝ ԻԼԻՊ-ի դեմ պայքարի համար, ինչն էլ հաստատվում է լուսանկարով։

Սաֆիրն ու իրաքյան զինուժը

Սաֆիրն ու իրաքյան զինուժը

13։30- ԻԼԻՊ-ը հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում է իսլամիստների ձեռքն անցած իրաքյան զինուժի М1А1М Abrams տանկը։ Լուսանկարներում տանկը կողաշրջված է, իսկ նրա մոտ ԻԼԻՊ-ի դրոշներով անձինք են։ Տանկն ավտոճանապարհի հարևանությամբ է։

Իրաքյան տանկը

Իրաքյան տանկը

13։20- Իրաքի զինված ուժերին հաջողվել է ազատել ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ անցած Տիգրիտ քաղաքի մոտակայքի Սփայքեր ռազմաբազան։ Իրաքյան զինուժն իսլամիստների դիրքերը գրոհել է ցամաքից և օդից ու մարտերից հետո կարողացել է գրավել ռազմաբազան, որտեղ արդեն մի քանի շաբաթ է, ինչ հաստատվել էին զինյալները։ Տիգրիտում մարտերը շարունակվում են, իրաքյան կողմն ակտիվորեն օգտագործում է իր ռազմական ավիացիան։

 13։00- Տեղեկություններ են տարածվում, թե ԻԼԻՊ-ին հաջողվել է գրավել սիրիական Դեր Զոր քաղաքը, ինչին օգնել է Իրաքում առգրավված ծանր տեխնիկան։ ԻԼԻՊ-ը վերջին օրերին կարողանում է ռազմական հաջողություններ գրավել Դեր Զորի շրջանում, որտեղ ամուր են նաև «ալ Նուսրայի ճակատ» իսլամիստական խմբավորման դիրքերը, որի հետ ևս ԻԼԻՊ-ը պատերազմում է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *