ՌԴ-ն ծրագրում է Ադրբեջանին Մի-17 ուղղաթիռների փոխանցումն ավարտել 2015-ի վերջին

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսաստանյան «Վերտալյոտի Ռոսսիի» հոլդինգը նախատեսում է Ադրբեջանին փոխանցել վերջինիս պատվիրած Մի-17 ուղղաթիռների վերջին խմբաքանակը 2015-ի ավարտին։ 

Այս մասին հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Վերտալյոտի Ռոսսի» հոլդինգի հաղորդած տվյալներին։ Համաձայն դրանց՝ ներկայումս շարունակվում է Ադրբեջանին Մի-17 ուղղաթիռների տրամադրման գործընթացը, նախատեսված է այն ավարտել համապատասխան պայմանագրի, այսինքն՝ 2015-ի վերջին։

Բացի այդ, ըստ աղբյուրի՝ մոտ 2 տարի առաջ Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերել Կա-52 «Ալլիգատոր» մարտական ուղղաթիռների նկատմամբ, որոնց գնման շուրջ ներկայումս բանակցություններ են ընթանում։

Հիշեցնենք, որ «Վերտալյոտի Ռոսսիի» հոլդինգին պատկանող Կազանի ուղղաթիռաշինական գործարանի՝ 2013-ի հաշվետվության համաձայն՝ Ադրբեջանը Կազանի գործարանից ստացել էր իր Մի-17-1Վ ուղղաթիռների մի մասը։

Ընդ որում, Ադրբեջանին փոխանցվել էր ընդհանուր առմամբ 42 միավոր Մի-17-1Վ։ 2005-ից 2010-ի ընթացքում Ադրբեջանին տրամադրվել է 3 միավոր Մի-17-1Վ ԱԻՆ-ի համար, ևս 3 միավորը՝ ՆԳՆ-ի համար։ Ադրբեջանի պետական պահպանության ծառայությունը ևս ստացել էր այս ուղղաթիռներից առանձին պայմանագրով, ըստ որի առաջին միավորը պատվիրատուին հասցվել է 2010-ին։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը պատվիրել էր 20 միավոր այդպիսի ուղղաթիռներից։

Մի-17-1Վ ուղղաթիռը Մի-17 բազմանպատակային ուղղաթիռի արդիականացումն է։ Հիմնական փոփոխությունը նոր 2 գազատուրբինային շարժիչներն են. մեկը՝ 1900 ձիաուժ, մյուսը՝ 2200 ձիաուժ հզորությամբ։ Եթե առաջին շարժիչը շարքից դուրս է գալիս, գործարկվում է երկրորդը։ Ի տարբերություն Մի-17-ի՝ Մի-17-1Վ-ն ստացել է նաև ԱԻ-9Վ նոր ուժային համակարգ։ Բեռնատար խցիկում հնարավոր է տեղադրել մեկ կամ երկու հավելյալ վառելիքային բաքեր։ Դրանք թույլ են տալիս ավելացնել թռիչքի հեռավորությունը։ Ուղղաթիռը կրում է նոր ռադիոէլեկտրոնային սարքավորումներ, որոնք թույլ են տալիս թռիչքներ կատարել թե´ ցերեկային, թե´ գիշերային ժամերին։ Մի-17-1Վ-ն իր նախորդի համեմատ կրում է ՎՌ-17 շասսի՝ հակասառցակալման համակարգով։

Մի-17-1Վ-ն կարող է կիրառվել դեսանտային նպատակով՝ տեղափոխելով մոտ 30 զինծառայող, բժշկական-տարհանման նկատառումներով՝ 12 վիրավորի ու բժշկական սարքավորումներ փոխադրելու, ինչպես և մոտ 4000 կգ բեռ տեղափոխելու համար։

Նկատենք նաև, որ նույն «Վերտալյոտի Ռոսսիի» հոլդինգն ավարտել էր Ադրբեջանին Մի-35Մ ուղղաթռիռների տրամադրման գործընթացը 2014-ի հունվարին։ Մի-35Մ ուղղաթիռների գնման պայմանագիրը ստորագրվել է 2010-ի դեկտեմբերին, իսկ ուղղաթիռները սկսել են մատակարարել 2011-ի դեկտեմբերից։ Ադրբեջանը գնել է նաև Մի-35Մ ուղղաթիռի սիմուլյատորներ՝ օդաչուներին ուսանելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *